Խորհրդարանական ընտրություններ 2007: Հայաստանի արտաքին մարտահրավերները

Հայաստանի Հանրապետությունը հարավկովկասյան երեք հանրապետություններից մեկն է։Անմիջական հարևաններն են` Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։ Չունի ելք դեպի ծով։ 1994թ. Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է հրադադար. Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մինչև օրս մնում է անլուծելի. 1993թ. փակվել է նաև հայ-թուրքական սահմանը։Ահա այն խնդիրները, որոնք, երբ ասում ենք տարածաշրջան, տարածաշրջանային զարգացումներ, արտաքին մարտահրավերներ հնարավոր չէ հաշվի չառնել: Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանի աշխարհաքաղաքական գերակայությունները (ԵՄ, ԱՊՀ, ռեգիոնալ համագործակցություն, ՆԱՏՕ), էներգետիկ անվտանգություն. ահա հարցերի մի շարք, որն անգամ քաղաքականությամբ շատ քիչ հետաքրքրվող հայաստանցուն պետք է որ հետաքրքրեր հատկապես այսօր, երբ ընտրում ենք և ձևավորում երկրի օրենսդիր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը։ (Այստեղ պարզապես չենք խոսում այն մասին, որ Հայաստանը պետք է քաղաքական ուղիներ և համագործակցության հեռահար ծրագրեր մշակի ոչ միայն անմիջական հարևանների և այսօր իրավամբ տարածաշրջանում խաղացող գերտերությունների՝ ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, այլ նաև համագործակցության հնարավոր զարգացումներ մշակի արագ փոփոխվող և զարգացող աշխարհի այլ տարածաշրջանների և երկրների հետ)։

Ակնհայտ է, որ այսօր, երբ խոսում ենք ընտրություններից, չենք խոսում քաղաքական ուժերի` արտաքին մարտահրավերներին դիմակայելու նրանց պատրաստվածության առումով ընտրություններ կատարելու մասին, ասել է թե` քաղաքական ծրագրերում ռազմավարական գաղափարական տարբերությունների, դրանց իրական հնարավորությունների, գնահատականների և լուծումների հնարավորությունների ընտրության մասին։Իհարկե այժմ չենք քննարկի, թե ինչու մենք մեր իսկ խորհրդարանական ընտրություններում չենք առաջնորդվում նման խնդիրների նկատմամբ քաղաքական ուժերի կողմնորոշումներից, ծրագրային ուղղվածություններից ելնելով։ Մի բան ակնհայտ է. երկուստեք՝ թե՛ հասարակության, թե՛ քաղաքական ուժերի համար արտաքին քաղաքական խնդիրներն այսօր առաջնայնությունների շարքում չեն։ Իհարկե, չի կարելի ասել, որ ՀՀ կուսակցություններն իրենց ծրագրերում չեն անդրադառնում Հայաստանի անվտանգության, կայունության, զարգացման հնարավորություններին: Հայաստանի Հանրապետության արտաքին մարտահրավերներին արձագանքելու տեսակետից երբեմն հանդիպում ենք շատ խիզախ մոտեցումների։ Այլ հարց է, թե հնարավոր զարգացումների հաշվառման տեսանկյունից որքանո՞վ են դրանք իրատեսական։
Պետք է նշել, որ տարածաշրջանային խնդիրներին առնչվող և արտաքին քաղաքական ուղղվածության վերաբերյալ անկախ փորձագետների կազմած հարցաշարին պատասխանել են ընտրված 12 կուսակցություններից տասի ներկայացուցիչները, այն իրականացվել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ծրագրի մասնակիցների նախաձեռնությամբ։

Ինչ վերաբերում է ոչ իշխանական կուսակցություններին, ապա նախընտրական քարոզարշավից և այս հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ «Օրինական ընտրված իշխանությունների յուրաքանչյուր խնդրի այս կամ այն լուծումը հասարակությունն ու ժողովուրդը կընդունի» (ակնհայտ է, որ նման արտահայտություն հատկապես արվում է Լեռնային Ղարաբաղի և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում)։ Ժողովուրդը կընկալի այն իշխանության մոտեցումները, որը լեգիտիմ է, որն իր կողմից ընդունելի է: (Այսինքն ժողովուրդը պետք է վստահի իշխանություններին, որպեսզի ընդունի նաև նրա կողմից առաջարկվող փոխզիջումային քայլերը): Իսկ սկզբունքների առումով, շարունակում են մնալ այն կարծիքին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է կայանա ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների պահպանման գերակայության ընդունման շրջանակներում, որ կարգավորման ոչ մի պայմանավորվածություն չի կարող լեգիտիմ համարվել` առանց Ղարաբաղի լիարժեք մասնակցության, որ փոխզիջումների հիմքում պետք է դրվեն հակամարտող կողմերի` Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունները և որ բանակցային գործընթացի ընդունելի համակարգող է շարունակում մնալ ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Այժմ անդրադառնանք արտաքին քաղաքականության հետ կապված մեկ այլ խնդրի` Էներգետիկ անվտանգությանը (ինչը այսօր գերակա է և միևնույն ժամանակ` փոխկապակցված արտաքին բոլոր խնդիրների հետ), որի վերաբերյալ այսօր Հայաստանում առկա ամենից տարածված մոտեցումը հետևյալն է՝ կախվածություն Ռուսաստանից, և ոչ անհիմն։ Փորձագետները, տնտեսագետները ներկայացնում են, որ Էներգետիկ անվտանգության համակարգն ունի բաղադիրչներ: Երկրները, որոնք ցանկանում են ապահովել էներգետիկ անվտանգությունը, բայց չունեն հանքային ռեսուրսներ, պետք է հետևեն քաղաքականության հետևյալ սկզբունքներին՝
Առաջին սկզբունքի համաձայն, էներգիայի արտադրությունը պետք է դիվերսիֆիկացված լինի` ըստ հումքի աղբյուրների։
Երկրորդ սկզբունքով, հումքի աղբյուրները պետք է դիվերսիֆիկացված լինեն՝ ըստ մատակարարման աշխարհագրության:
Երրորդ սկզբունքի համաձայն, եթե կա կախվածություն հանքային ռեսուրսներից, ապա գերադասելի է հանքային ռեսուրսը էլեկտրաէներգիայի վերածել սեփական տարածքում:

Էներգետիկ սեփական ռեսուրսներ չունեցող երկրի համար չորրորդ հիմնարար սկզբունքը դրանց տրանզիտային ճանապարհների անվտանգությունն է:

Եվ վերջապես, ըստ հինգերորդ սկզբունքի` չի կարելի էլեկտրաէներգիայի արտադրությունը հանձնել մի երկրի, որտեղից ստացվում են հումքային ռեսուրսները:

Սրանք Էներգետիկ անվտանգության եվրոպական խարտիայում շարադրված տասը-տասներկու սկզբունքներից հինգ ամենակարևորներն են:

Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը

Հայաստանում էներգետիկ անվտանգության հինգ հիմնարար սկզբունքներից միայն մեկն է պահպանվում. այն, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը դիվերսիֆիկացված է հիդրոէլեկտրակայանների, ջերմակայանների և ատոմակայանների միջև: Հայաստանը տարածաշրջանի հինգ պետությունների մեջ միակն է, որ նման դիվերսիֆիկացիա ունի: Բայց մեր երկիրն այս համեմատական առավելությունը կորցրեց՝ այս ամենը հանձնելով մեկ երկրի։ Այսինքն` դիվերսիֆիկացիայի առնվազն մեկ կետի առկայությունը շատ կարևոր էր, ինչն այսօր նույնպես գոյություն չունի։ Իսկ Իրան–Հայաստան գազատա՞րը։ Իրան – Հայաստան գազամուղը մատակարարման դիվերսիֆիկացիայի ուղղությամբ քայլ է համարվում, բայց այս քայլը չի լուծել մյուս խնդիրները, որովհետև տարածաշրջանային տասնհինգ տարիների զարգացումներում Հայաստանը ավելի շատ հեռացել է դիվերսիֆիկացիոն հնարավորություններից, քան` մոտեցել: Իրան – Հյաստան գազամուղի կառուցումը ուղղված էր այս միտումի մեղմացմանը, բայց այդ մեղմացումը Հայատանը ավելի լավ վիճակի մեջ չի դնում, քան 1990թ., երբ երկիրը Ադրբեջանով ու Վրաստանով ստանում էր էներգետիկ ռեսուրսներ: Իրան – Հայաստան գազամուղը մի կողմից դիվերսիֆիկացիոն, ստրատեգիական քայլ էր, մյուս կողմից` մի քանի ստրատեգիական քայլերի կորուստ։

Վրաստան–Ադրբեջան` էներգետիկ անվտանգություն

Ի՞նչ կարելի է ասել այս առումով Վրաստանի և Ադրբեջանի մասին։
Վրաստանը շատ ակտիվորեն փորձում է իրականացնել ածխաջրածնային պաշարների դեվեսիֆիկացման խնդիր. նախ սևծովյան տարածաշրջանի նկատմամբ մեծապես աճել է ԱՄՆ և ԵՄ հետաքրքրությունը` իրենց իսկ էներգետիկ անվտանգության համակարգերը ապահովելու առումով, հատկապես Կասպից ծովի ավազանի էներգակիրների տեղափոխման ենթակառուցվածքների ապահովման տեսակետից։Բազմաթիվ նման ենթակառուցվածքներ արդեն իսկ գործում են՝ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան, սպասվող NABUCCO (ադրբեջանական և միջինասիական գազը Թուրքիայով տեղափոխելու է Եվրոպա) հսկայական գազատարի իրականացումը, ինչպես նաև Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարի կարևորությունը, որով գազի տեղափոխումը տարեկան 8 բիլիոն խմ-ից արդեն 2012թ. նախատեսվում է հասցնել 20 բիլիոն խմ։ Շահ Դենիզից Վրաստանը 55 դոլարով (1000 խմ–ի դիմաց) կգնի տարեկան 1,5 բիլիոն խմ գազ, ինչն էլ կփակի Վրաստանի գազի պահանջների 50 տոկոսը (այժմ նա Ռուսաստանին վճարում է 235 դոլար 1000 խմ–ի դիմաց)։ Այս ծրագրով մեծապես հետաքրքրված է նաև Ղազախստանը, որը պատրաստվում է Կասպից ծովով միանալ Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարին։ Պետք է նշել նաև, որ Իրանը նույնպես հետաքրքրված է այս Տրանս–Կասպիական գազատարով և նախատեսվում է իրանա–ղազախական համագործակցություն։

Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա տարածաշրջանային համագործակցությունը վտանգավոր կարող է լինել մեզ համար, եթե այս համագործակցությունը վերաճի ռազմաքաղաքական համագործակցության։ Խնդիրն այն է, որ այս երեք երկրների միջև սկսված էներգետիկ համագործակցութունից զատ արդեն նաև իրական տրանսպորտային ծրագրեր են իրականացվում՝ օրինակ,Կարս–Ախալքալակ–Թբիլիսի–Բաքու երկաթուղին։ Ծրագիրը նախատեսվում է սկսել 2007թ. հունիսին և ավարտել 2008թ. վերջին։ Այս անգամ ևս Հայաստանը դուրս է մնում այս ծրագրից. մի կողմից Լեռնային–Ղարաբաղի հարցն է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Քանի դեռ Հայաստանը չի վերադարձրել ադրբեջանական բռնագրավված տարածքները (Լեռնային Ղարաբաղն ու յոթ հարակից շրջանները), բոլոր ճանապարհային ծրագրերը կշրջանցեն Հայաստանը», մյուս կողմից` հայ–թուրքական հարաբերությունները, մասնավորապես հայ–թուրքական սահմանի փակ լինելը: Ի դեպ «Հայաստանը հայ–թուրքական սահմանի բացման հաջորդ իսկ օրը պատրաստ է միանալ այս ծրագրին»,– հունվարի 18-ին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը։

Վրաստանը նախատեսում է նաև Սևծովյան ավազանով ունենալ 700 կմ գազատար` Վրաստան–Ուկրաինա–ԵՄ երթուղով, որն իհարկե շատ մեծ կարևորություն ունի, քանի որ շրջանցելով Ռուսաստանը, նաև էներգետիկ նոր հոսքերի հնարավորություն է տալիս Եվրոպային։Ահա նման խնդիրները, որոնք, կարծես, աշխարհում առաջնային են համարվում, այսօր շատ քիչ են հետաքրքրում Հայաստանի քաղաքական ուժերին։

Տաթևիկ Մկրտչյան
ՔՄՀԿ Գիտաշխատող‚ ասպիրանտ


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.