Դժվար է կանխատեսումներ անել Հալեպի ապագայի վերաբերյալ. Հայկ Քոչարյան

«Աստանայի բանակցություները չեն փոխարինում Ժնևում կայացած հանդիպմանը. սա զուգահեռ գործընթաց է, որտեղ Աստանան միտված է ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել Ժնևի բանակցություններում քաղաքական գործընթացը առաջ տանելու համար»,-«Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում հայտնել է արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Քոչարյանը՝ խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի, սիրիական ճգնաժամի լուծման հնարավոր ելքերի մասին:

Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահի դրությամբ Ժնևում տեղի ունեցած հանդիպումը մնում է միակ ֆորմատը, որով միջազգային հանրությունը միտված է լուծելու սիրիական հակամարտությունը՝ հավելելով, որ վերոնշյալ հանդիպման ժամանակ քննարկված փաստաթղթերում, ՄԱԿ-ի՝ Սիրիայի հետ կապված ընդունած բոլոր բանաձևերում բացակայում է սիրիական տարածքի մասնատման մասին դրույթը. բոլորը պաշտպանում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը: «Բանակցությունների ընթացքում, որոնք կայացել են մինչ այս պահը, չի եղել և չկա որևէ փաստաթուղթ, որտեղ խոսվում է երկրի մասնատման վերաբերյալ: Բոլորը միաբերան պաշտպանում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Փոխարենը կա մի փաստաթուղթ, որտեղ քննարկվում է Սիրիայի ֆեդերալ կառուցվածք ունենալու հավանակությունը»: Ըստ արաբագետի՝ քննարկումների ընթացքում նման հարց չի բարձրացվել, սակայն նմանատիպ խոսակցությունները վտանգներ են պարունակում. դրանք տարբեր խմբերի համար շահարկության աղբյուր են հանդիսանում: Հ. Քոչարյանի խոսքով՝ միակ ուժը, որն այսօր կարող է քաղաքական գործընթաց սկսել Սիրիայում, Ասադի վարչակազմն է և իշխանությունը: Եվ սիրիական հակամարտության ու ճգնաժամի լուծման գործում ներգրավված բոլոր կողմերը օրակարգից հանել են Ասադի հեռանալու հարցը:
Անդրադառնալով Հալեպի ներկայիս վիճակին՝ մեր զրուցակիցն ասաց, որ քաղաքն այժմ գտնվում է տնտեսական և հումանիտար շատ ծանր պայմաններում, փորձում են վերականգնել քաղաքի ենթակառուցվածքները, ապահովել Հալեպի այն հատվածը, որը ռազմական գորողությունների ակտիվ մաս է կազմել, իսկ համեմատաբար ավելի խաղաղ հատվածում կենսապայամանները որոշակիորեն ավելի բարենպաստ վիճակում են գտնվում, բայց հեռու են իդեալական լինելուց: Այնուամենայնիվ, լարվածությունը դեռևս պահպանվում է, Հալեպի որոշ նահանգներում որոշակի ակտիվությամբ ռազմական գործողությունները շարունակվում են: Ըստ Քոչարյանի՝ դժվար է կանխատեսումներ անել Հալեպի ապագայի վերաբերյալ, այն դեռ պետք է վերականգնվի, իսկ թե որքան «դոնորներ» կգտնվեն, որ երկրները կմասնակցեն վերականգնման գործընթացին, ցույց կտա ժամանակը: «Հալեպի ապագան հետևյալն է՝ Հալեպը պետք է վերականգնվի: Պետք է ներդրումներ արվեն, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ իրենց բնակավայրերը և կարողանան որոշակի գործունեություն ծավալել»:
Խոսելով Երևանում հաստատված սիրիահայերի՝ Սիրիա հնարավոր վերադարձի մասին՝ մեր զրուցակիցը նշեց հետևյալը. «Հարցը երկակի պատասխան ունի. բնականաբար կլինեն մարդիկ, որոնք կգերադասեն վերադառնալ, կգտնվեն նաև այնպիսիք, որոնք կշարունակեն մնալ այստեղ՝ Հայաստանում: Այսպիսի որոշումները կայացվում են տարբեր տեսակի մարտահրավերները գնահատելու արդյունքում: Հայաստանի Հանրապետության համար կարևոր է, որ ամբողջապես կազմակերպվեն և պատշաճ ձևով ներկայացվեն այն ծրագրերը, որոնցով այստեղ մնացած մեր հայրենակիցները կկարողանան լիարժեք մասնակցել տեղի հասարակական-քաղաքական կյանքին»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ մնացած սիրիահայերն իրենց հերթին փորձում են տեր կանգնել համայքի թողած մշակութային ժառանգությանը: «Իմ կարծիքով, եթե հնարավոր լինի հարատև խաղաղություն հաստատել Սիրիայում, ապա որոշ ժամանակ անց նաև կակտիվանա հայ համայնքը, որն իր գործունեությունը կծավալի և ավելի շատ ընդգրկում կունենա քաղաքական կյանքում, եթե Սիրիայում մնա այն կառուցվածքը, որը կա այսօր»,- իր խոսքը եզրափակեց Հայկ Քոչարյանը:

Դժվար է կանխատեսումներ անել Հալեպի ապագայի վերաբերյալ. Արաբագետ

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.