Իսլամագիտություն. Ներածություն. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Ժամանակը շրջապտույտային է՝ մահ-կյանք, արևածագ-մայրամուտ, տարվա եղանակները հաջորդում են իրար, չկա ոչ սկիզբ, ոչ՝ վերջ: Որևէ բան հնարավոր է այս շրջապտույտից առանձնացնել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ արտառոց իրադարձություն է պատահում: Օրինակ՝ ջրհեղեղ կամ միմյանց վրա հարձակում (միայն այն դեպքում, երբ հարձակումը սովորական չէ, այլ՝ արտառոց և հիշվող):

Այսինքն՝ իրադարձություն, որը կտրում է ժամանակը՝ դարձնելով դիսկրետ: Եվ գոյություն ունի միայն այս ժամանակը: Մնացածը՝ այդ ամբողջ շրջապտույտը, ուղղակի գոյություն չունի: Նույն բանը կարող ենք ասել տարածության շուրջ: Ցեղախումբն ունի իր հողը, որի սահմանը վերջին յայլայից երևացող հորիզոնն է: Արաբներն ասում են «աֆաք», աշխարհը վերջանում է այդտեղ, և միայն այդտեղ են խոսացող մարդիկ. նախաիսլամական շրջանի մի բանաստեղծ, նկարագրելով բյուզանդական ամրոցի վրա երկու զինվորի զրույցը, օգտագործում է արաբերեն մի բառ, որ նշանակում է բարբաջել. իրենք բարբաջում են այնպես, ինչպես немец-немой բառն է՝ մարդ, որ մարդավարի չի խոսում: Աֆաքից դուրս «մարդավարի» խոսացող չկա, մարդ չեն, և այդ տարածությունն այլևս հող չի, օտար է ու վտանգավոր, իսկ հողում կրկին ամեն ինչ դիսկրետ է. միայն այն անունն ես տալիս, որտեղ իրադարձություն է եղել: Եթե չի եղել իրադարձություն, ուրեմն չկա հող:

Հիմնական արժեքը մարդկային կյանքն է, և արժեքային համակարգը ձևավորվում է այնպես, որպեսզի օժանդակի մարդկային կյանքի արժեքի պահպանմանը: Կարևոր դեր ունի հավատը, որը ուժ է տալիս և դառնում առանցք ու միավորման հիմք: Ինչի՞ն են հավատում: Հավատում են այն բանին, ինչից որ վախենում են: Օր.՝ հրաբուխի ժայթքումը նշանակում էր, որ այնտեղ ոգի, գերբնական ուժեր կամ որևէ աստված կա, որը հավանաբար բարկացել է գործած որևէ մեղքից: Եվ ի՞նչ էր պետք անել, եթե ոչ՝ մատաղ…
Հավատում են նաև, որ ինչ-որ մեկն է կյանք տվել, այսինքն՝ նախնին, որը միգուցե մարդ է, միգուցե՝ ոչ այնքան. օրինակ՝ կային ցեղեր՝ կոչող իրենց առյուծի զավակներ, արծվի, աղվեսի զավակներ, մարդու զավակներ և այլն: Հավատի ձևավորումը կապված էր դիցաբանական ընկալման բարդացման հետ:

Երկու տեքստի մասին է պետք խոսել. ցիկլիկ ժամանակը նորման է՝ դիցաբանական տեքստի հիմքը. դիցաբանական տեքստը բացատրում է ամեն ինչը: Օր՝ արևը ծագում է ու մայր մտնում: Հնդկական երրորդ սերնդի աստվածներից Ինդրայի ձեռքերը մինչ արմունկները ոսկուց էին, նա բարձրացնում էր ձեռքերը, ժամը տասներկուսին ձեռքերն ուղղված էին վեր, հետո հոգնում էր և աստիճանաբար ձեռքերը սկսում իջեցնել, արևը մայր էր մտնում…
Երկրորդ տիպի տեքստը արտառոց երևույթների, շարքից դուրս եկող, հիշվող, վառ երևույթների մասին պատմող տեքստերն են: Օր.՝ պապիս պապը տեսավ, որ երկնքով գիսաստղ անցավ: Պապիս հայրը չտեսավ դա, բայց տեսավ դա պապս, և հիմա դա ես էլ եմ տեսնում: Սա արդեն երեք ֆիքսված փաստ է, որին արաբներն անվանում են խաբար՝ ճշմարիտ տեղեկություն, որի վավերացման ձևը հաղորդողների շղթան է…

Աղբյուր՝ Բուն TV


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.