ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ

Սեպտեմբերի 29-ին ԵՊՀ-ում անցկացվեց «Տարածաշրջանային և ազգային անվտանգության դինամիկա. հայ-թուրքական հարաբերություններ» խորագրով միջազգային գիտաժողովը:
Միջոցառման նպատակն է ուսումնասիրել տարածաշրջանային անվտանգության համակարգի առանցքային խնդիրները, արգելքները, միտումները, ինչպես նաև նախանշել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացների առնչությունն ու ազդեցությունը տարածաշրջանում անվտանգության ոլորտում իրականացվող գործընթացների վրա:

ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ու ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կողմից կազմակերպված գիտաժողովին մասնակցում էին ՌԴ-ից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Շվեդիայից, Չինաստանից, Իրանից, Թուրքիայից և Վրաստանից ժամանած փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ով կարևորեց միջազգային գիտաժողովի անցկացումը Մայր բուհում և ընդգծեց թեմայի արդիականությունը համաշխարհային ու տարածաշրջանային ներկա գործընթացներում:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ ասաց, որ ԵՄ-ի համար մեծ նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են քաղաքացիական հասարակության տարբեր շերտեր ներկայացնող կառույցների միջոցով երկու պետությունների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի հաստատմանը Հայաստանում:

Անկարայի քաղաքական կենտրոնի նախագահ Ունալ Չեվիքյոզը նշեց, որ հարևան պետությունների միջև դրական հարաբերությունների հաստատումն իր համար սկզբունքային է և կարևոր:

«Այս քննարկումը, որը գիտաժողովի ձևաչափով է իրականացվում, ևս մեկ քայլ է նպատակին հասնելու համար: Հարավային Կովկասի անվտանգությունը պետք է լինի երկարատև, կայուն և ապահով»,- ասաց բանախոսը և շեշտեց, որ հաճելի է ևս մեկ անգամ Հայաստան այցելելը և շփվելը հայ գործըկերների հետ:

ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանն էլ անդրադարձավ կենտրոնի գիտական և հետազոտական գործունեության արդյունքում մշակված և 2016 թ.-ին վերլուծական տեղեկագրի ձևաչափով լույս ընծայված «Երեք ծովերի համակարգ» հայեցակարգին, որը համալիր մոտեցմամբ դիտարկում ու վերլուծում է բոլոր այն իրողությունները, որոնք փոխել են ժամանակակից քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական երևույթների ընկալման էությունը:

Այնուհետև փորձագետները զեկուցումներ ներկայացրին՝ տարաշրջանային և ազգային անվտանգության հարցերը դիտարկելով Հայաստան-Թուրքիա, ԵՄ-ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան, Վրաստան-Ադրբեջան-Իրան երկրների հարաբերությունների համատեքստում:

Լուսանկարները՝ այստեղ

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.