Սիրիայում տիրող իրավիճակը ական է ողջ Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների համար. Հայկ Քոչարյան

Սիրիայում վերջին օրերին կատարվող իրադարձությունների շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու ԱՄՆ նոր նախագահը, որը հատուկ վերաբերմունք ուներ ինչպես Սիրիայի, Ասադի նկատմամբ, այնպես էլ Ռուսաստանի՝ Մերձավոր Արևելքում դերակատարության նկատմամբ, այդքան արագ, կտրուկ ավիահարվածներով փոխեց ողջ տարածաշրջանի պատկերը, ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը նշեց, որ իր կարծիքով տարածաշրջանի նկարագիրը չփոխվեց, փոխվեցին շեշտադրումները, լարվածությունը:

Նա նշեց, որ դա նաև Սպիտակ տանը տիրող իրավիճակի հետ է կապված. «Այնտեղ մի ուժը, որին պայմանականորեն կարելի է ռազմաարդյունաբերական ոլորտը ներկայացնող թև անվանել, տանում էր դեպի այդ հարվածներին, մյուս թևը փորձում էր բալանսավորել, և փաստացի կարող ենք արձանագրել, որ երկրորդ թևը զիջեց իր դիրքերը: Զուգահեռ հասունանում էր նաև սկանդալ, Թրամփի թիմի այն անդամները, որոնք ռուսամետության մեջ էին մեղադրվում, դուրս են մղվում: Տեսնում ենք, որ հանրապետականներին բնորոշ քաղաքականություն է սկսվում ձևավորվել. ավանդաբար միշտ, երբ որ հանրապետականները իշխանության են գալիս, սկսվում են ակտիվ ռազմական գործողություններ: Թրամփի պարագայում հույսեր կային, որ կարող է այլ կերպ լինել, սակայն դա տեղի չունեցավ»:

Հ. Քոչարյանի խոսքով՝ Թրամփի այս գործողությունը հակաասադյան ուժերի կողմից աջակցության արժանացավ, իսկ այս հակամարտության մեջ Ասադին աջակցողները՝ Իրանը, Ռուսաստանը քննադատեցին:

«Օբամայի վարչակազմը շատ հմուտ էր դիվանագիտական գործիքներն օգտագործելու հարցում, Օբաման 2013-ին չկիրառեց ուժ, ռազմական գործիքը նա թողնում էր որպես սպառնալիք, իսկ Թրամփը անցավ այդ գիծը,- նշեց արաբագետը: – Մերձավոր Արևելքի օրակարգը չի կարող աշխարհի օրակարգ լինել, աշխարհում ավելի բարդ խնդիրներ կան, որ պետք է համաձայնեցված լուծվեն: Իսկ Թրամփի ակտիվ գործողություններով՝ ավիահարվածներով Մերձավոր Արևելքի օրակարգը գալիս է առաջին պլան»:

Անդրադառնալով հարցին՝ ռուս-ամերիկյան դիմակայություն Սիրիայի շուրջ հնարավոր է թե ոչ, Հ. Քոչարյանը պատասխանեց, որ ուժերը համադրելի չեն, որպեսզի խոսք լինի բաց առճակատման մասին, «բայց ռուս-ամերիկյան հարաբերությունները վատացել են և կվատանան»:

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.