Սաուդյան Արաբիայում իշխանության եկած երիտասարդները փորձում են ինքնահաստատվել, դիրքավորվել որպես «մաքուր իսլամի» ջատագովներ

Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից շիայական հոգևոր առաջնորդ Նիմր ալ-Նիմրի գլխատումը, որի հետևանքով խիստ սրվեցին սաուդական պետության և Իրանի հարաբերությունները, ուներ նաև ներքին դրդապատճառներ, բայց դա կազդի տարածաշրջանային ու գլոբալ քաղաքական իրավիճակի վրա:

ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, արաբագետ Հայկ Քոչարյանն այսպես մեկնաբանեց մերձավորարևելյան վերջին իրադարձությունները «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում:

Սաուդյան Արաբիայում իշխանության է եկել նոր սերունդ, որը, Հայկ Քոչարյանի կարծիքով, նախ՝ ուզում է համոզել իշխող էլիտային, որ իրավունք ունի իշխելու, երկրորդ փորձում է իր ձեռագիրը թողնել արտաքին քաղաքականության մեջ, ճանաչվել միջազգային ասպարեզում:

Այս իրադարձությունները այս պահին անմիջական ազդեցություն չեն ունենա Հայաստանի վրա,- ասում է արաբագետը,- բայց կարող է լինել միջնորդավորված ազդեցություն: Եվ այս առումով կրկին բարձրանում է Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում կենտրոնացած հայերի անվտանգության խնդիրը:

– Պարոն Քոչարյան, որոշ փորձագետներ սաուդական իշխանությունների այս քայլը՝ շիայական գործիչների գլխատումը, սադրանք են համարում: Ձեր կարծիքով՝ քաղաքական ի՞նչ դրդապատճառներ այն ունի:

– Իմ կարծիքով՝ իրավիճակ է փոփվել, և պիտի հասկանանք, թե ինչո՞ւ սա տեղի ունեցավ հենց հիմա, որովհետև շեյխ Նիմրը վաղուց էր բանտարկված՝ մոտ երեք տարի:

Առաջինը պիտի տեսնենք, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում սաուդական իշխող ընտանիքում: Այնտեղ նոր թագավոր եկավ, նոր արտգործնախարար, երիտասարդներ, որոնք փորձում են իրենց դիրքերն ամրապնդել ներիշխանական, ներկլանային, ներընտանեկան համակարգում, դիրքավորել իրենց որպես «մաքուր իսլամի» ջատագովներ, վահաբական իսլամի, որը մերժում է իսլամի ցանկացած ուղղություն՝ վահաբականությունից բացի: Պետք էր երկրի ներսում հաստատվել, ինչ-որ հետք, ձեռագիր թողնել, ճանաչելի դառնալ, որովհետև եթե նախկին ղեկավարներին միջազգային թատերաբեմում ճանաչում էին, երիտասարդ սերունդը դեռ հաստատվելու կարիք ունի:

Երկրորդը՝ տարածաշրջանային զարգացումներում Սաուդյան Արաբիան մնում էր գործընթացներից դուրս: Եթե նայենք, թե ինչ տարածաշրջանային կոնֆլիկտներում էր ներքաշված Սաուդյան Արաբիան՝ Եմեն, Սիրիա, պետք է գնահատենք, որ, մեծ հաշվով, ձախողվել էր արտաքին քաղաքականության մեջ: Սիրիայում իրավիճակը սկսեց փոխվել ռուսական միջամտության հետևանքով, և կարծես թե իրավիճակը գնում էր առնվազն բանակցությունների, եթե ոչ լուծման: Եմենում զգալի միջոցներ էին գործադրվում, բայց չէին կարողանում լոկալացնել հուսիների ըմբոստությունները: Այսինքն՝ այստեղ էլ կարող ենք ասել, որ Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները հաջողություն չունեցան: Իբր թե հակաահաբեկչական, իսլամական կոալիցիա էին ստեղծել, բայց հետո պարզվեց՝ պետությունները տեղյակ էլ չէին, որ մտել են դրա մեջ:

Այսպիսով՝ կային ընդհանուր խնդիրներ. առաջինը՝ ներքին էլիտային համոզելու, որ իրենք իրավունք ունեն իշխելու, երկրորդը՝ տարածաշրջանային խաղացողներին ցույց տալու, որ իրենք էլ իրենց ձեռագիրն ունեն: Իմ կարծիքով՝ սրանք էին հիմնական պատճառները:

Սրան գումարած՝ նավթի գների կտրուկ անկումը, Սաուդյան Արաբիայի բյուջեի դեֆիցիտը. այս ամենը նպաստեցին այս քայլին:

Ի՞նչ կարող է փոխել այս քայլը: Մեծ հաշվով, այս քայլը շատ լուրջ հետևանքներ է ունենալու ոչ միայն սաուդա-իրանական հարաբերություններում, այլև սիրիական հակամարտության համատեքստում: Եթե ավելի լայն մասշտաբով դիտարկենք հարցը, Լիբանանում կարող են շատ բաներ զարգանալ, Իրաքում և այլն:

Սադրանքը, որի մասին խոսել են փորձագետները, հիմնականում հենց այս տեսանկյունից էր. թվում էր, թե նշմարելի էին դառնում լուծումներ, բայց այդ քայլով հակամարտությունների լուծումներն առնվազն հետաձգվում են, եթե ոչ՝ լուրջ խոչընդոտների են բախվելու:

– Այսինքն՝ Սաուդյան Արաբիան, հասկանալով, որ ձախողվում է նույն Սիրիայում, Եմենում, նմանատիպ քայլերով փորձում է իր շուրջը համախմբել իր դաշնակից երկրներին, որոնք ներքաշված են սիրիական հակամարտության մեջ: Կարո՞ղ ենք այսպիսի եզրակացություն անել:

– Մի դրվագն է միայն, որ կարելի է այդպես եզրակացնել: Նույն իսլամական կամ Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ-պետությունների մակարդակով էլ տեսնում ենք, որ Սաուդյան Արաբիայի այդ քայլը չունեցավ կտրուկ արձագանք՝ բացի իր ազդեցության տակ գտնվող երկրներից: Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ սաուդական հաշվարկները գերագնահատված էին, և սա մտածելու տեղիք պիտի տա երկրում իշխող վերնախավին, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ սրանով Սաուդյան Արաբիան փորձում է ինքնահաստատվել, թե ինքը կա և տարածաշրջանային խաղացող է, ուզում է, որ իր հետ հաշվի նստեն:

– Որքանո՞վ է սա խաչվում արտատարածաշրջանային ուժերի՝ գերտերությունների շահերի հետ և ի՞նչ կապ ունի Իրան-Արևմուտք հարաբերությունների բարելավման գործընթացի հետ:

– Եթե այդ համատեքստում քննարկենք հարցը, Իրան-«վեցյակ» բանակցություններից հետո Իրանի հարաբերությունները Արևմուտքի երկրների հետ որոշակիորեն գնում են դեպի լավացում, և Արևմուտքի հիմնական դաշնակիցը արևելքում՝ Սաուդյան Արաբիան, խիստ դժգոհ էր այս ամենից: Սաուդյան Արաբիայի արձագանքներն առաջին օրերին շատ կտրուկ էին և մեղադրող: Իսկ այս պահին այդ հանգամանքն էլ ազդեց այդ որոշումների, ներկլանային խմորումների մեջ իրենց դիրքերը հետապնդելու վրա, որովհետև այնտեղ շատ լուրջ պայքար կա տարբեր մայրերից ծնված արքայազնների և տարբեր եղբայրների միջև:

Այսպիսով, սա ներքին հարցեր լուծելու խնդիր էր, որի հետևանքները միայն ներքին չեն, այլ կարող են լինել նաև արտաքին՝ տարածաշրջանային և գլոբալ: Տարածաշրջանային գերտերությունները կարող են գործել իրենց շահերին համապատասխան: Օրինակ՝ Միացյալ Նահանգների արձագանքը զուսպ է՝ ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ: Դեռ երկու-երեք օր է անցել: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

– Նկատի ունեի, որ Իրանն այսօր փորձում է բացվել աշխարհի համար, Արևմուտքն իր հերթին ուզում է նրան ներգրավել արևմտյան շուկա: Այս առումով հնարավո՞ր է, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է զսպել Իրանին կամ փակել նրա ճանապարհը:

– Խոչընդոտներ կարող է ստեղծել, բայց փակելը կամ զսպելը Սաուդյան Արաբիայի հնարավորությունների շրջանակներում չեն, այս պահին նա այդպիսի լծակներ չունի:

– Այնպիսի տպավորություն է, որ եթե այս միջադեպն ավելի սրի սուննի-շիա հակասությունները տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում իսկական քաոս է սկսվելու:

– Քաոս չի լինի, բայց կլինեն բուռն զարգացումներ, որոնք կուղեկցվեն ռազմական ակտիվությամբ և ահաբեկչական տարբեր խմբերի ակտիվությամբ:

– Այս իրադարձությունները վնասո՞ւմ են տարածաշրջանային անվտանգությունը:

– Բնականաբար, թուլացնում են անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում:

– Իսկ որքանո՞վ է սա կարևոր Հայաստանի տեսանկյունից:

– Խնդիրը Հայաստանի համար այնքանով է կարևոր, որ զարգացումները տեղի են ունենում անմիջապես հարևանությամբ գտնվող տարածքներում: Եթե մեր հարևան Իրանն անմիջականորեն ներգրավված է նման բուռն զարգացող իրադարձություններում, դա իր ազդեցությունը կարող է ունենալ: Բայց այս պահին անմիջական ազդեցություն չի լինի, կարող է լինել միջնորդավորված ազդեցություն:

Այստեղ արդեն Մերձավոր Արևելքի տարբեր հատվածներում կենտրոնացած հայկական գաղթօջախների կամ հայության անվտանգության հարցն է առաջ գալիս, որը նորից պետք է պահել ուշադրության կենտրոնում: Եթե նախկինում հույս ունեինք, որ առաջիկայում Սիրիայում կսկսվի բանակցային գործընթաց, որը կարող է բերել անցումային փուլի կամ նոր իշխանության Սիրիայում, ապա այժմ հակամարտության կարգավորման հեռանկարը գնալով հեռանում է:


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.