Պուտին-Էրդողան-Ռուհանի հանդիպում՝ Անկարայում. Երևանը պետք է հետևողական լինի տարածաշրջանային փոփոխությունների նկատմամբ

Անկարայում կայացել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի քննարկման հիմնական թեման Սիրիայում իրավիճակն էր: Մինչև եռակողմ բանակցությունը՝ տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ: Կողմերը նաև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ի՞նչ ազդեցություն կունենա այս հանդիպումը տարածաշրջանային զարգացումների վրա, երեք նախագահների հռետորաբանությունից դատելով կարո՞ղ ենք եզրակացնել, որ սիրիական հակամարտության հանգուցալուծումը մոտ է: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է իրանագետներ Աննա Գևորգյանի և Արմեն Իսրայելյանի հետ:

«Աստանայի ձևաչափով թվով հինգերորդ հանդիպումը կարևոր հանգրվան էր Սիրիայում հակամարտության թվացյալ վերջին փուլի համատեքստում, և բնականաբար առանցքային խնդիրը Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կարծիքների, դիրքորոշումների արտահայտումն էր: Իհարկե, քաղաքական առումով հանդիպումը չափազանց կարևոր էր. ամեն անգամ այս հանդիպումները կարծես խորհրդանշում են այն հանգամանքը, որ տարածաշրջանային ուժերը առանց արտատարածաշրջանային խաղացողների մասնակցության ի վիճակի են լուծել տարածաշրջանում ցանկացած հակամարտություն»,-ասաց Գևորգյանը:

ՔՄՀԿ գիտաշխատող Ա. Գևորգյանը միևնույն ժամանակ նշեց, որ ամեն անգամ այս ձևաչափով հանդիպումների ժամանակ խոսվում է այն մասին, թե ինչքան կարևոր է, որ Սիրիայի ներքին գործերին չխառնվեն այլ ուժեր, Սիրիան ինքնուրույն լուծի իր խնդիրները, և հետաքրքրական է, որ այս ամենն արվում է առանց Սիրիայի ղեկավարի ներկայության:

Իսրայելյանն իր հերթին ասաց, որ վաղ է խոսել սիրիական հակամարտության վերջնական հանգուցալուծման մասին: «Միևնույն ժամանակ այն փաստը, որ եռակողմ հանդիպումները կայանում են պարբերաբար, առանց չեղարկումների, խոսում է ընդհանուր համաձայնությունների մասին՝ այնինչ մի քանի տարի առաջ Իրանը և Թուրքիան հակադիր կարծիքներ ունեին Սիրիայի ճակատագրի վերաբերյալ: Եթե ուսումնասիրում ենք նախորդ հանդիպումների համատեղ հայտարարությունները, նույն շեշտադրումներն են, նույն ցանկությունները՝ մի փոքր համահունչ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին»:


https://www.1in.am/2626404.html?fbclid=IwAR2JCVWZyEV9e2U9vaYsxEIy7XYvmcpsR2lbHTJOH6gndgY_M8MkfUe9k7A

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.