Հայ-վրացական հարաբերություններ. կայուն զարգացման արդիականությունը

Այսօր ՀարավայինԿովկասն իրենից ներկայացնում է ենթատարածաշրջան, որը սահմանակից է մեկ մեծ տերության և երկու տարածաշրջանային պետությունների և գնահատվում է որպես կարևորագույն հանգույց տրանսնացիոնալ ենթակառուցվածքների կապերի համար։ Այս հանգամանքը այն դարձնում է գերտերությունների կենսական շահերի գոտի, ինչպես նաև արթնացնում անմիջականորեն չսահմանակցող մեծ տերությունների աճող հետաքրքրությունը:

Տարածաշրջանը հագեցած է էթնիկ և կոնֆեսիոնալ կոնֆլիկտներով, ինչը ազդեցության հնարավորություններ է ապահովում բոլոր ոչ տարածաշրջանային ուժերի համար: Այն բնակեցված է ազգերով, որոնք իրար նկատմամբ անհանդուրժողականորեն են տրամադրված բազմաթիվ տարաձայնությունների և ակնհայտ և լատենտ կոնֆլիկտների պատճառով: Այս ամենին գումարվում են դարավոր հարևանության և նախկին խորհրդային «կոմունալ բնակարանի» բնակիչների միջև ծագած անհամաձայնությունները և վիրավորվածությունները։

Որոնք են տարածաշրջանի սահմանները. հարց, որն ունի առաջնային կարևորություն։ Աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տեսանկյունից ՀարավայինԿովկասը «Երեք ծովերի համակարգում» (Միջերկրական, Սև ևԿասպից ծովեր)շատ կարևոր տարր է, սահմանակից է ժամանակակից աշխարհաքաղաքականության համար այնպիսի ակտուալ գոտիների հետ, ինչպիսիք են Միջին Արևելքը և Կենտրոնական Ասիան, որոնք գտնվում են երկու գլոբալ՝ Մեծ Մերձավոր Արևելք և Ընդլայնվող Եվրոպա նախագծերի խաչմերուկներում։ Սակայն տարածաշրջանային անվտանգության համակարգի կառուցման տեսանկյունից տարածաշրջանի սահմանները դժվար է որոշել մի շարք արտաքին գործոնների ազդեցության հետևանքով: Անվտանգության համակարգի մեջ նույնիսկ մեկ արտատարածաշրջանային տարրի ներառելը նշանակում է այդ մակարդակի այլ տարրերի ներմուծում ևս։ Այսպես, օրինակ՝տարածաշրջանային կառուցվածքում Թուրքիային ներգրավելը անմիջապես կա՛մ ներառում է, կա՛մ էլ բացառում է Իրանը։ Ռուսաստանը ներառելով՝ միանշանակորեն գործընթացին միանում են մի կողմից՝Թուրքիան և Իրանը, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, իսկ այժմ՝ նաև Չինաստանը։

«Հարավային Կովկաս» տերմինն առանձնացնում է ռուսական Կովկասը, սակայն իրականության դաշտում չի նվազեցնում ռուսական շահերի ներթափանցումը ենթատարածաշրջանում։Վերոհիշյալից ակնառու են դառնում այն պատճառները, որոնցից ելնելով Հարավային Կովկասի երկրները տարբեր ուղղություններ ունեն ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում իրենց քաղաքական առաջնահերթությունները որոշելու հարցում:

Գլոբալիզացիայի գործընթացները ենթադրում են համաշխարհային կարևորագույն ենթակառուցվածքների միավորում միասնական գլոբալ շրջանակներում, որը չի կարող ունենալ խցանումներ և խզումներ։

Պատերազմներով հղի հակամարտությունների առկայությունը թույլ չի տալիս ստեղծել գլոբալ ենթակառուցվածքային համակարգի նոր օղակներ և խոչընդոտում է արդեն իսկ գոյություն ունեցողների անխափան աշխատանքը: Մեծ տերությունները, որոնք գլոբալիզացիոն ծրագրերի հիմնական հեղինակներն ու իրականացնողներն են, ինչպես նաև տարածաշրջանային պետությունները, որոնք պայքարում են այդ գլոբալ ծրագրերում առավել շահեկան դերակատարություն ունենալու համար, իրենց մրցակցության, իսկ երբեմն նաև հակամարտության մեջ օգտագործում են ներտարածաշրջանային բոլոր հակասությունները գլոբալ ենթակառուցվածքների աշխատանքի կամ ծավալման, կամ էլ կասեցման համար:

Այս ամենը խոչընդոտում է գլոբալ ենթակառուցվածքների նոր բջիջների ստեղծմանը և վտանգում արդեն իսկ գոյություն ունեցողների գործունեությունը: Այս իմաստով Հարավային Կովկաս տարածաշրջանի զարգացմանը լրջորեն խոչընդոտում է ոչ միայն տարածաշրջանի հակամարտությունների առկայությունը, այլև ռուս-վրացական և հայ-թուրքական սահմանների լարվածությունը:

Այս պարագաներում ակնհայտ է, որ հայ-վրացական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն մեր երկու երկրների համար, այլ նաև՝ ամբողջ Երեք ծովերի մեգատարածաշրջանի, որի՝ որպես մի միասնական տաքսոնոմիկ միավոր ընկալելու հիմքում ընկած են, բացի հիմնականում ընդհանրական արժեքային և դիցակրոնական պատկերացումներից, համաշխարհային ենթակառուցվածքային համակարգերի միավորման և գլոբալ տնտեսության համար դրանց էֆեկտիվ օգտագործման գաղափարները:

Այս սրընթացորեն արդիականացող միտումը բախվում է այն արգելքներին, որոնք թույլ չեն տալիս ենթակառուցվածքների միավորումը:

Մեր ենթատարածաշրջանը, ինչպես արդեն վերը նշվել է, հագեցած է այդպիսի արգելքներով՝ կոնֆլիկտներ, տարբեր ռազմաքաղաքական և տնտեսական տրամաբանությունների ընտրություն և այլն:

Հասկանալի է, որ այս ամենի հիմքում ընկած է տարբեր գլոբալիզացիոն ծրագրերի միջև մրցակցությունը, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացնում թե՛ մեծ տարածաշրջանի, և թե՛ մեր ենթատարածաշրջանի հարթություններում: Հիմնականում անվտանգության ապահովման նպատակներից է բխում Հայաստանի և Վրաստանի կողմնորոշումների տարբերությունը, որի հետևանքով մեր հարևան երկրի ապագայի տեսլականը կապված է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական համակարգին անդամակցելու հետ: Որպես այս ծրագրի մաս կարող է դիտարկվել վրաց-թուրքական համագործակցությունը, որն իր կարևոր ազդեցությունն ունի Վրաստանի ռազմական, տնտեսական, կրթական, մշակութային և մի շարք այլ ոլորտների վրա: Այս հարաբերությունների զգալի մասը իրականացվում է եռակողմ համագործակցության շրջանակներում՝ Ադրբեջանը ներառելով: Վերջինս նույնպես զգալի ազդեցություն է ձեռք բերել Վրաստանի կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա, ինչի մասին վկայում է Վրաստանի տարածքում ադրբեջանական ընդդիմադիր լրագրողի առևանգումը և տեղափոխումը Բաքու:

Այս ամենը, բնականաբար, որոշակիորեն անհանգստացնում է հայաստանյան հասարակությանը: Սակայն անհրաժեշտ է նշել, որ հայաստանյան հասարակության մեծամասնությունը հարգանքով և ըմբռնումով է վերաբերվում մեր հարևանների կողմից ընտրված զարգացման ճանապարհին գնահատելով այն իրողությունը, որ եվրոպական արժեքների և ստանդարտների որդեգրումը Վրաստանի կողմից վերածելու է վրաստանյան հասարակությունը իրական ժողովրդավարության, ինչը նաև կարևոր է այս երկրում բնակվող փոքրամասնությունների, այդ թվում ՝ նաև հայերի իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

Արժեքային և տնտեսական դաշտերում Վրաստանը միանշանակ կողմնորոշվել է դեպի Եվրոպական միություն, որի հետ ստորագրել է ասոցացման պայմանագիր: Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, ստորագրում է Եվրամիության հետ ընդգրկուն քաղաքական պայմանագիր, որը թույլ կտա ավելի խորացված համագործակցություն իրականացնել գրեթե բոլոր ոլորտներում: Այս քայլը նույնպես պետք է նպաստի վերը նշված դժվարին խնդրի լուծմանը:

Հայաստանը, որի պատմական հիշողությունը և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն այս պետության բացասական դիրքորոշումը ստիպում են անվտանգության ապահովման արդեն այսօր շոշափելի երաշխիքներ որոնել,անդամակցում է Ռուսական Դաշնության նախաձեռնությամբ և վերջինիս ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ին, սակայն միաժամանակ ակտիվորեն համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ՝ մասնակցելով վերջինիս կողմից առաջարկված բազմաթիվ ծրագրերին և նախաձեռնություններին՝ դնելով իր առջև ՌԴ ազդեցությունը հավասարակշռելու դժվարին խնդիրը:

ՌԴ մեծ ազդեցությունը ՀՀ իշխանական համակարգի վրա, ինչպես նաև ռուսաստանյան ռազմական խարիսխի առկայությունը Հայաստանում լուրջ անհանգստություն են առաջացնում վրացական հասարակության մեջ:

Հայ-վրացական միջկառավարական հարաբերությունները կարելի է բնութագրել որպես բարիդրացիական և պրագմատիկ: Երկու երկրների կառավարող համակարգերը գիտակցում են հարաբերությունների այս մակարդակի պահպանման կարևորությունը:

Հասկանալի է, որ նշված պարագաներում հայ-վրացական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը մրցակցության մեջ գտնվող կողմերի ծրագրերի համար հանդիսանում է լուրջ խոչընդոտ:

Հայաստանի և Վրաստանի համակեցության և համագործակցության հազարամյակների փորձն այս պայմաններում կարող է և պետք է կատարի իր դրական դերը՝ ստեղծելով այնպիսի մթնոլորտ և պայմաններ, որոնց շնորհիվ հնարավոր լինի մեր երկու երկրների տարածքը վերածել ոչ թե շահերի բախման և մերժման հարթակի, այլ վերջիններիս ներդաշնակեցման և փոխլրացման:

Չնայած բոլոր վերը նշված հանգամանքներին, իսկ որոշ դեպքերում ՝ դրանց շնորհիվ, մեր երկու երկրների բազմակողմանի հարաբերությունները զարգացման հսկայական ներուժ ունեն: Ակնհայտ են հնարավորությունները մշակույթի, գիտության, կրթության, շրջակա մթնոլորտի պահպանման, առողջապահության, ահաբեկչության դեմ պայքարի, թրաֆիկինգի և բազմաթիվ այլ ոլորտներում համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման համար: Այս մասին են վկայում հատկապես մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ձեռնարկած միասնական ջանքերը: Վերջինների թվում հարկ է նշել Հայնրիխ Բյոլ հիմնադրամի օժանդակությամբ իրականացված երկու գիտահետազոտական և կրթական ծրագրերը, որոնց իրականացմանը մասնակցել է նաև այս տողերի հեղինակը:

Սակայն ներկայումս առավել մեծ հնարավորություններ են ստեղծվել ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության և առևտրի ոլորտներում, քանի որ երկու երկրների շուկաների փոխադարձ օգտագործումը հնարավորություններ է ստեղծում տարբեր տիպի համատեղ ձեռնարկությունների գործունեության շնորհիվ մուտք գործել թե՛ եվրոպական, և թե՛ եվրասիական տնտեսական համակարգեր:

Ամենայն հավանականությամբ, հենց այս ուղղությամբ են իրենց գործունեությունը ծրագրավորում նաև ս.թ. հունիսին կայացած հայ-վրացական բիզնես-ֆորումի մասնակիցները, որոնք գնահատել են ներկայումս արձանագրված ապրանքափոխանակության ծավալները որպես չափազանց ցածր, քանի որ իրականում բազմաթիվ տնտեսական ոլորտներում լուրջ ներուժ գոյություն ունի տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գեորգի Գվախարիան բիզնես ֆորումի բացման արարողության ժամանակ ասել է . «մենք պետք է կարողանանք օգտագործել մեր երկու երկրների հաջողությունները, որպեսզի միասնական ջանքերով և համատեղ արտադրանքով մուտք գործենք երրորդ երկրների շուկաներ»:[1]

Սակայն գիտակցելով այս դրական հանգամանքները՝ հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մեր հասարակություններում կան նաև ազգայնամոլական տրամադրություններով տոգորված մարդիկ և խմբեր, որոնք կամա թե ակամա դառնում են վերը նշված մրցակցող, իսկ որոշ դեպքերում՝ հակամարտող կողմերի գործիքներ՝ փորձելով լարել հակահայկական և հակավրացական տրամադրություններ: Բարեբախտաբար, օբյեկտիվորեն գնահատելիս ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Վրաստանի միջև սուր հակասություններ գոյություն չունեն, իսկ այն անհամաձայնությունները, որոնք կան, բնական են դարերով կողք կողքի ապրող ժողովուրդների համար:Այս առումով չափազանց կարևոր են այն բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են երիտասարդ սերնդին, հատկապես վերջինիս ինտելեկտուալ հատվածին, քանի որ նրանց միջև փոխադարձ հարգանքի, միասնական ծրագրերի և հետազոտությունների իրականացման, համատեղ աշխատանքի փորձի ձեռքբերման և պարզապես միջանձնային հարաբերությունների ստեղծման միջոցով է ձևավորվում իրական բարիդրացիությունը:

[1]https://ru.armeniasputnik.am/economy/20170629/7788267/armeniya-i-gruziya-otkroyut-sovmestnye-predpriyatiya.html

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.