Հայաստանի դիվանագիտությունը անելիք ունի․ Սիրիա հումանիտար առաքելությունը պետք է ճիշտ փաթեթավորվի. Հայկ Քոչարյան

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայացած հանդիպումից տասն օր անց՝ սեպտեմբերի 17-ին, Սոչիում կայացել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ավելի քան 3 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերն աննախադեպ պայմանավորվածություն են ձեռք բերել. սիրիական Իդլիբ նահանգում կստեղծվի ապառազմականացված գոտի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի հետ:

Քոչարյանի դիտարկմամբ՝ Իդլիբում լայնածավալ ռազմական գործողությունները ոչ թե չեղարկվում են, այլ հետաձգվում: «Ակնհայտ է, որ եռակողմ ֆորմատում կոալիցիոն անդամներից մեկի շահերը չէին բավարարվել, այդ պատճառով Թեհրանում համաձայնություն ձեռք չբերվեց: Իսկ Ռուսաստան-Թուրքիա հանդիպման արդյունքում ստացվում է, որ կա դեէսկալացիոն գոտու ստեղծման որոշակի պայմանավորվածություն, ինչը խնդրի լուծում չէ, այլ հետաձգում, քանի որ Ռուսաստանին պետք է այդ դեէսկալացիոն գոտին՝ այդ 25-30 կմ խորությամբ մոնիթորինգը Խմեյմիում տեղակայված իր ռազմաբազան ապահովելու համար: Իսկ Թուրքիան իր հերթին լուծում է այս տարածքների հանդեպ իր վերահսկողությունն ապահովելու հարցը: Այս պարագայում Իրանի շահն անտեսված է»,- ընդգծեց նա:

Այն դիտարկմանը, որ պաշտոնական Իրանը, այնուամենայնիվ, ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը Իդլիբի վերաբերյալ, մեր զրուցակիցը նկատեց. «Կարծում եմ՝ դա դիվանագիտություն է, իրանական կողմը ողջունել է այն, որ արյունահեղություն չի լինելու… մենք պետք է հասկանանք, որ հակառակ պարագայում այստեղ ռազմական գործողություններ էին ընթանալու, որոնք շատ դաժան հետևանքներ կարող էին թողնել տարածաշրջանի վրա»:

Անդրադառնալով սիրիական մամուլում տեղ գտած հրապարակումներին այն մասին, որ երկրի իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել երկրի հյուսիսում նախապես ծրագրած ռազմական գործողություններից, Հայկ Քոչարյանը փաստեց, որ ըստ պաշտոնական Դամասկոսի քաղաքականության ուղեծրի՝ երկիրը պետք է մաքրել ահաբեկիչներից, ինչը հռետորաբանություն է, իրական գործիքակազմ Բաշար Ալ-Ասադն այս պահին չունի: «Դժվար է պատկերացնել, թե սիրիական զորքերն ինչ են անելու այդ տարածքներում առանց ռուսական օդուժի աջակցության»:

Խոսելով Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու Հայաստանի իշխանությունների որոշման մասին՝ Քոչարյանն ասաց, որ այս գործողությունն ուշացած է: «Բնականաբար, երբ որ հայտ ես ներկայացնում և փորձում ես խաղալ նման վտանգավոր դաշտում կամ տարածաշրջանում, ավելանում են նաև ռիսկերը: Պետք է հաշվարկել և հասկանալ՝ ինչ ենք ունենում և ինչ կարող ենք կորցնել: Այս պարագայում հումանիտար առաքելության գնալը բավականին լավ ազդեցություն կարող է ունենալ մեր դերի, մեր նշանակության վրա՝ Սիրիայում մեր շահերը պաշտպանելու տեսանկյունից»:

Նրա խոսքով՝ տվյալ պարագայում դիվանագիտությունը ևս անելիք ունի, պետք է ճիշտ փաթեթավորմամբ ներկայացնել այս ամենը:

Բնագիր կայքում՝ https://www.1in.am/2428121.html

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.