Կնոջ դերն իսլամում

Աննա Գևորգյան, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, իրանագետ

– Ինչպե՞ս է վերաբերվում իսլամը կնոջ սեքսուալության հարցերին:

– Կնոջ սեքսուալությունը ղեկավարելու և նրան սահմանափակումների մեջ դնելու վերաբերյալ մուսուլմանների համար կա հստակ մոտեցում, այլ հարց է, թե արդյո՞ք այն հիմնավորված է սուրբ գրքով՝ Ղուրանով, կամ Մուհամեդ մարգարեի խոսքերով: Այդ մասին  հիմա լայն քննարկումներ են գնում հենց իսլամանական աշխարհում, որովհետև շատերը գտնում են, որ ներկա իրավիճակը միջնադարյան ավանդապահ հասարակությունից դուրս եկած մեկնաբանողների ազդեցությունն է, ովքեր Ղուրանի այս կամ այաթը այդպես են մեկնաբանել: Այդուհանդերձ, դարեր շարունակ կա մոտեցում, որ Ղուրանը և Մուհամեդ մարգարեն պատգամել են ղեկավարել, կառավարել և տան սահմանների մեջ պահել կնոջ սեքսուալությունը, դրա հետևանքով է, որ գոյություն ունի հիջաբ կրելու ավանդույթը:
– Ի՞նչ է հիջաբը:
– Իսլամի տեսանկյունից հիջաբ նշանակում է ընդունելի հագուստ կնոջ համար:  Տարբեր մշակույթների ազդեցության հետևանքով հիջաբի գաղափարը տրանսֆորմացիայի է ենթարկվել. Իրանում դա չադրան է, Սաուդյան Արաբիայում՝ նիկաբ, այն, որ ծածկում է նաև դեմքը, Աֆղանստանում նույնպես նիկաբ է, այլ երկրներում կարող է լինել միայն գլխաշոր, մի այլ տեղ կարող են նաև ձեռքերը ծածկել: Հիջաբի վերաբերյալ կա հստակ մոտեցում, որը գործում է նաև քրիստոնյա համայնքների համար: Սակայն միշտ եղել են որոշակի առանձնահատկություններ, որոնցով քրիստոնյայի հիջաբը տարբերվել է մուսուլմանի հիջաբից: Իրանում, օրինակ, թեև քրիստոնյաները գլխաշոր էին կապում, բայց գլխաշորի գույնն ու նախշերը տարբերվում էին մուսուլմաններից, ու փողոցում անգամ հիջաբից կարելի էր տարբերել, որ մեկը քրիստոնյա էր, մյուսը՝ մուսուլման: Իհարկե, այս ամենը վերաբերվում է իսլամական հեղափոխությունից ստեղծված իրականությանը, երբ Իրանը դարձավ կրոնապետական պետություն և իսլամը՝ սահմանադրության հիմքը: Հիջաբ կրելը ամրագրվեց օրենքով, իսկ մինչև հեղափոխությունը նման բան չի եղել: Ավելին՝ 1930-ականներին Ռեզահ շահը նույնիսկ հանել է հիջաբ կրելու պարտադրանքը, որովհետև գնում էր Իրանի աշխարհիկացման ճանապարհով:
– Ինչքանո՞վ կապ ունի կնոջ դեռական օրգանների թլպատումը իսլամի հետ, որպեսզի այն ծառայի միայն վերարտադրողական ֆունկցիայի կատարմանը:
– Թլփատումները տարածված են աֆրիկյան մի քանի երկրներում, որոնք, թեպետ մուսուլմանական են, սակայն այդ երևույթը կապ չունի իսլամի հետ: Դա շատ  տարածված կարծրատիպ է, ու շատ արևմտյան թերթեր խոսելով այդ մասին՝ նշում են դրա իսլամական ծագումը, բայց դա այդպես չէ:
Իսլամում կա մի դրույթ, որը թույլ է տալիս տեղական մշակութային տարրերի ներթափանցումը իսլամում: Այնպես, ինչպես մենք Վարդավառն ենք քրիստոնեացրել, այնպես էլ իսլամի տարածումից հետո տարբեր երկրներում տեղական մշակույթից բազմաթիվ տարրեր իսլամականացվել են, այսինքն իսլամը չի արգելել դրանց կիրառումը, այդ թվում նաև՝ կանանց սեռական օրգանների թլպատումը:
Բայց այդ երևույթը հնարավոր չէ հանդիպել իսլամական այլ երկրներում, և դա զուտ տեղական մշակույթին հատուկ առանձնահատկություն է: Ինչ վերաբերվում է կնոջ սեքսուալությանը առհասարակ իսլամում, ի տարբերություն մյուս կրոնների, իսլամի դրույթներով հաճույք ստանալը, սեքսուալությունը, սեռական փոխահարաբերությունները ամենևին էլ տաբու չեն և հայտնի են, որ այդ դրույթները վերցվում են Ղուրանից ու նաև սուննայից:
– Մի փոքր մանրամասնեք, թե ի՞նչ է սուննան:
– Սուննան հադիսների հավաքածու է, իսկ հադիսը պատմություն է Մուհամեդ մարգարեի մասին, կամ թե ինչ է ինքն ասել այս կամ այն հարցի վերաբերյալ: Հադիսը բաղկացած է երկու մասից՝ առաջին մասը կոչվում է իսնադ, որտեղ, օրինակ, ասվում է հետևյալը. «Ես լսել եմ Աբու Բաքրիից, որը լսել է Մուհամեդից, որ Ալլահն ասում է, որ… »:
Սուննա նշանակում է այն ամենը, ինչ Մուհամեդ մարգարեն ասել կամ արել է: Այդ բոլորը գրի է առնված, և ամեն հարցի մասին քննարկումներ անելիս՝ անդրադարձ է արվում սուննային: Թեպետ կան այլ աղբյուրներ ևս, բայց Ղուրանը և սուննան իսլամի հիմնական աղբյուրներն են:
Ղուրանը մուսուլմանների համար հենց Ալլահի խոսքն է, իսկ հադիսները Մուհամեդ մարգարերի պատմությունները: Մուհամեդ մարգարեն համարվում է ամենակատարյալ մարդն աշխարհում, և ուրեմն այն ամենը, ինչ վերաբերվում է, թե ինչպես է խոսել Մուհամեդը, ինչ է մտածել այս կամ այն հարցի շուրջ, ընդօրինակման առարկա պետք է լինի:
Հետևաբար, մուսուլմանները նայում են այդ հադիսներին ու ասում են, որ եթե Մուհամեդ մարգարեն իր կնոջ հետ գիշեր էր անց կացնում, հավասարապես բաշխում էր գիշերներն իր կանանց միջև, ուրեմն մենք էլ պիտի այդպես անենք, եթե Մուհամեդ մարգարեն մազերը կտրում էր այսքան չափի, ուրեմն մենք էլ պիտի կտրենք այդքան չափի: Անհեթեթության աստիճանի հասնող մանրամասնություններ, նույնիսկ հարց էր առաջացել, թե ինչպես է պետք քնել և այդ հարցը տվել էին Մուհամեդ մարգարեին, և նա էլ պատասխանել էր, թե պետք է աջ ձեռքի վրա հենվել ու քնել, ու եթե դա ամրագրված է հադիսում, ուրեմն դա օրենք է:
– Իսկ ինչպե՞ս է վերաբերվում իսլամը կուսակրոնությանը: 
– Ի տարբերություն քրիստոնեությանն ու հուդակայանությանը՝ իսլամում կուսակրոնությունը դիտարկվում է որպես մեղք, որովհետև համարվում է, որ աշխարհիկ մարմնական հաճույքներից զերծ մնալը տվայտանքներ է առաջացնում մարդու համար, ինչը բոլորովին հաճելի և ընդունելի չէ Ալլահի համար, և հետևաբար պետք է ընդամենը բոլոր այս փոխահարաբերությունները, այդ թվում՝ հենց սեռական հարաբերությունները լինեն օրինական: Օրինական ասելով նկատի ունենք՝ իսլամական օրենքի շրջանակում:
Մուհամեդ մարգարեն յուրօրինակ մոտեցում է ունեցել սեքսուալության հետ կապված հարցերին: Բազմաթիվ հադիսներ կան այն մասին, որ չի կարելի լինել կուսակրոն, չի կարելի չամուսնանալ, չի կարելի զսպել անձնական սեռական կրքերը, չի կարելի կնոջը զրկել հաճույք ստանալու հնարավորությունից, չի կարելի մտածել միայն տղամարդու հաճույքների մասին և պետք է անպայման հաշվի առնել նաև կնոջը:
Այս առումով, բազմակնությունը, թեպետ թույլատրվում է, բայց դա նույնպես օրինական պիտի լինի. բոլորի հետ տղամարդը պիտի օրինական պայմանագիր ունենա: Շիա մուսուլմաններն անգամ ընդունում են ժամանակավոր ամուսնություն. մեկ ժամից մինչև 99 տարի ժամկետով կարող ես ամուսնանալ որևէ կնոջ հետ, բայց փաստաթղթով պիտի ամրագրված լինի, որ այսինչ ժամից այսինչ ժամը դու պատրաստվում ես լինել այսինչի ամուսինը, որից հետո նա ազատ է:
Շատերը իսլամին, և հատկապես շիա մուսուլմաններին մեղադրում են, որ սրանով մարմնավաճառությունը օրինականացվում է, բայց կա մի նրբերանգ, որ տարբերում է ժամանակավոր ամուսնությունը մարմնավաճառությունից, և դա այն հանգամանքն է, որ ժամանակավոր ամուսնության մեջ մտած կինը՝ անգամ եթե դա տևել է մեկ ժամ, դրանից հետո պետք է ունենա 3 ամիս սպասման շրջան, որից հետո միայն ազատ կլինի ամուսնանալու այլ տղամարդու հետ: Այս օրենքը հնարավորություն է տալիս անթիվ անհամար ամուսնությունների:
Մուսուլման աստվածաբանները սրա հիմնավորումը տեսնում են հետևյալ կերպ. մուսուլման տղամարդիկ, որոնք ճամփորդում են, սովորում են այլ երկրներում, կամ գործի բերումով ժամանակավոր հեռու են իրանց տանից, բայց ունեն սեռական ցանկություն, իսկ արտաամուսնական կապը արգելված է իսլամում, ուրեմն այդ հարցի լուծումը տեսնում են ժամանակավոր ամուսնությունը օրինականացնելով: Բայց կինն անպատճառ պիտի երեք ամիս սպասի ու հասկանա, որ ինքը հղի չէ: Ի միջի այլոց, այդ սպասման շրջանը գործում է նաև սովորական ամուսնությամբ ամուսնացած և հետո ամուսնալուծված և այրիացած կնոջ համար:
-Արդյո՞ք այդ սպասման շրջանի կիրառումը խտրականություն չէ կնոջ հանդեպ:
– Դա արվում է ժառանգության իրավունքի համար, որովհետև ժամանակավոր ամուսնությունից ծնված երեխաները նույնպես ժառանգության իրավունք ունեն, և տղամարդը պիտի համոզված լինի, որ այսինչից ծնված երեխան իսկապես իրենն է և դրա համար կնոջը պարտադրում են, որպեսզի սպասի երեք ամիս, որպեսզի հաջորդ ամուսինը ստիպված չլինի ժառանգություն տալ ոչ իր երեխաներին: Այստեղ ժառանգության իրավունքը հակասության մեջ է կնոջ իրավունքի հետ, բայց իրենք համարում են, որ սա ավելի կարևոր է:
Բնականաբար, չի նշանակում, որ բոլոր մուսուլմաններն իրենց կանանց լավ են վերաբերվում ու հաշվի են առնում նրանց ցանկություններն ու պահանջները, որովհետև չի նշանակում, որ բոլոր մուսուլմանները հետևում են իրենց իսկ կրոնով սահմանված օրենքներին: Բայց կարծրատիպ կա, որ մուսուլման կնոջ նկատմամբ վերաբերմունքը իսլամից է, սակայն ես ուզում եմ շեշտել, որ եթե կրոնին հերթը հասնի, ապա իրենք պետք է լավ վերաբերմունք ունենան իրենց կնոջ հանդեպ:
Կան հադիսներ, երբ Մուհամեդ մարգարեի զինակիցների կանայք գալիս ու նրան բողոքում են, թե իրենց ամուսիններն ուշադրություն չեն դարձնում իրենց և ամբողջ ժամանակ միայն աղոթում են: Ու Մուհամեդ մարգարեն կանչում է իր զինակիցներին, պատժում է նրանց՝ասելով, թե չե՞ք տեսնում ինձ. ես աղոթելիս աղոթում եմ, բայց երբ որ պիտի լինեմ կնոջս հետ՝ լինում եմ կնոջս հետ, և իրավունք չկա մեկն անել ի հաշիվ մյուսի:
-Այդ դեպքում եկեք հասկանանք, թե ինչպես է սահմանում իսլամը կնոջ իրավունքը:
– Ընդհանրապես ոչ միայն կանանց, այլև մարդու իրավունքների մասին խոսելիս իսլամի կոնտեքստում պետք է մի շատ կարևոր առանձնահատկություն հաշվի առնել. երբ ասում ենք մարդու իրավունք իսլամում, դա նախ և առաջ թեոցենտրիկ է: Եթե մեր մոտ մարդու վրա է կառուցված թե ինչի իրավունք ունի անհատը, իսկ ինչի՝ ոչ, ապա իսլամում հստակ ֆիքսված է, թե մարդը՝ Աստծո խոսքն ու պատգամը կատարելիս ինչ իրավունք ունի, իսկ ինչ՝ ոչ. սա արդեն սահմաններ է նշում: Այսինքն մարդու իրավունքների մասին խոսելիս՝ մենք խոսում ենք Ալլահի հանդեպ ունեցած շրջանակներում նրա ունեցած իրավունքների մասին, հետևաբար անհատի իրավունքը որպես առանձին միավոր չի կարևորվում ու արժևորվում:
Այդ առումով, Ալլահի պատգամը կատարելու շրջանակում կանայք՝ այո, ունեն իրավունքներ,  ու այս համատեքստում շատ հետաքրքիր է, որ մուսուլման կինը արդեն 7-րդ դարում՝ իսլամի ծագման դարաշրջանում, իսլամի շնորհիվ ստացել է այնպիսի իրավունքներ, որոնք նույն եվրոպացի կանայք ստացել են 19-րդ դարի վերջում: Օրինակ ժառանգության իրավունքը: Կինը իրավունք է ունեցել ունենալ ժառանգություն, ճիշտ է ոչ այն չափով, ինչքան տղամարդը, բայց ունեցել է՝ մեկ երկրորդի չափով: Եթե մեկն ունեցել աղջիկ և տղա, ապա տղան երկու անգամ ավելի շատ էր ժառանգել ունեցվածքից, քան կինը, բայց եկեք խոստովանենք, որ քրիստոնեական աշխարհում երկար դարեր դա էլ չենք ունեցել:
Բացի այդ մուսուլման կինն ունեցել է ֆինանսապես ազատ լինելու իրավունք, և սա բացատրվում էր հետևյալ կերպ: Նախաիսլամական Արաբիայում կար գլխագնի ավանդույթ, որ  փեսան կնոջ համար վճարում է նրա հորը: Իսլամի ընդունումից հետո Մուհամեդ մարգարեն սահմանեց, որ այդ մահր կոչվածը, որ փեսան տալիս է աներոջը, այդուհետ պիտի տրվի կնոջը, և դա համարվելու է կնոջ սեփականությունը, և անգամ ամուսինն իրավունք չունի այն տնօրինելու: Բացի այդ, ցանկացած բան, որ վաստակում էր կինը՝ միայն իր սեփականությունն էր. այն ինչ վաստակում էր ամուսինը՝ երկուսի սեփականությունն էր, իսկ կնոջինը՝ միայն իրենը: Իհարկե, մի փոքր իդեալական պատկեր է ստացվում, բայց իսլամի օրենքներով դա այդպես է, ու շատ մեծ մոլորություն է, որ մուսուլմանական աշխարհում գործող խտրականությունը վերագրվում է իսլամին:
– Այդ դեպքում ո՞ւմ պետք է վերագրել դրանք և ինչպես կարող է այդպիսի լայն հնարավորություններ ընձեռող կրոն դավանող հասարակություններում ստեղծվեր այն, ինչ կա:
– Իսլամի շատ ֆեմինիստ մեկնաբանողներ ասում են, որ դա եղավ այն բանի արդյունքում, որ Ղուրանն ու Մուհամեդ մարգարեի կողմից առաջ քաշված օրենքները մեկնաբանել են պատրիարխալ հասարակությունից դուրս եկած աստվածաբաններ, մեծամասամբ՝ տղամարդիկ, խոսել են տղամարդկանց դիրքերից և Ղուրանն ու հադիսները մեկնաբանել են իրենց շահերից ելնելով: Իսկ Ղուրանի և հադիսների մեկնաբանությունները շատ մեծ արժեք ունեն, որովհետև ամեն մի շարքային մուսուլման չէ, որ բացում է Ղուրանն ու կարդում, թե ինչ է այնտեղ գրված. ինքը կարդում է մեկնաբանությունը: Եվ քանի որ ինքը չի հանդիպում կնոջ նկատմամբ էգալիտար ու ոչ խտրական մոտեցումների, համարում է, որ Ղուրանն է այդպես ասում:
Սակայն 20-րդ դարում փոխվեց այն, որ կանայք, և հատկապես ֆեմինիստ կանայք սկսեցին մեկնաբանել Ղուրանը և սկսեցին մեկնաբանել իրենց դիրքերի՝ հենվելով այդ նույն հադիսների վրա: Հազարավոր հադիսներ կան, և կան իրար հակասող հանդիսներ: Օրինակ հադիս կա, որտեղ Իսնադում մատնանշված զինակիցները վկայում են, որ մի անգամ իրենք Մուհամեդ մարգարեին հարցրել են, թե արդյոք կինը հոգի ունի, մարգարեն էլ պատասխանել է, որ՝ ոչ, չունի: Սակայն բազմաթիվ հադիսներ կան, որտեղ Մուհամեդ մարգարեն շատ ադեկվատ վերաբերմունք է արտահայտում կանանց նկատմամբ:
Տարբեր աստվածաբանական դպրոցներ իրենք են ընտրում, թե որ հադիսը համարեն ճշմարիտ, որը՝ չէ: Հիմա երբ մեկը պատրիարխալ արժեքների կրող է, ինքն ասում է, որ հնարավոր չէ, որ Մուհամեդ մարգարեն ասած լինի, թե պետք է կնոջ կարծիքը հաշվի առնել: Բոլորովին վերջերս Պակիստանում ժամանակակից աստվածաբանները նորից քննարկում էին հարցը, թե առհասարակ կինը մարդ է, թե մարդ չէ:
Բայց այլ երկրներում, այլ աստվածաբանական դպրոցների հետևորդները, որոնք որ ցանկություն ունեն էգալիտար մեկնաբանություն անելու՝ հենվում են այլ հադիսների վրա: Դրա համար շատ երկակի ու բազմաշերտ վերաբերմունք կա այս ամենի նկատմամբ՝ կախված նրանից, թե որ երկրի մասին է խոսքը, այդ երկրում ինչպիսի մշակույթ է եղել, ինչպիսի ազդեցություն է ունեցել կրոնի վրա:
– Հայտնի է, որ մուսուլմանական աշխարհում միասեռականությունը պատժվում է օրենքով: Ինչպիսի՞ն է եղել դրա նկատմամբ վերաբերմունքն անցյալում:
– Գենդերային սեքսուալության հարցեր ուսումնասիրող իրանցի պատմաբան Ավսանե Նաջմաբադին մի գիրք ունի, որը կոչվում է «Կանայք բեղերով՝ տղամարդիկ մորուքներով»: Ինչո՞ւ այդպիսի վերնագիր. որովհետև ինքն ընդգծում է, որ սեքսուալության մեջ շատ կարևորվում էր մասկուլինությունը և դրա հետևանքով բեղավոր կանայք ավելի պահանջարկ ունեին տղամարդկանց շրջանում, քան առանց բեղերի:
Այսինքն բեղ ունենալը սեքսուալության և գրավչության նշան էր, ու ղաջարական Իրանի կանանց լուսանկարները և նաև՝ տղամարդկանց լուսանկարները հետազոտելով ինքը եկել է այն եզրակացության, և դրանք նայելով ցանկացած մեկն էլ կարող է նույնպիսի կարծիք կազմել, որ բեղ ունենալը եղել է գեղեցկության ատրիբուտներից մեկը: Անգամ շահի կանայք բոլոր բեղերով են լուսանկարներում: Դա ամենեևին չի խոսում այն մասին, որ բեղերը հեռացնելու միջոցներ չեն եղել Իրանում. դրանք եղել են, բայց բեղ ունենալը եղել է գրավչության վկայական:
Հետազոտությունը վերաբերվում է միայն Իրանին և ցույց է տալիս, որ սեքսուալությունը, գեղեցկությունն ու սիրո օբյեկտը մինչև 19-րդ դարը սեռ չի ունեցել: Երբ ասվել է, թե ինչ չքնաղ ես ու սլացիկ, դա չի նշանակում, որ այդ բառերն ուղղված են եղել կնոջը: Որովհետև Իրանում բիսեքսուալությունը շատ տարածված է եղել:
Իսկ ինչ վերաբերվում է տղամարդիկ որպես սեքսուալության օբյեկտ, ապա նրանք համարվել են պոպուլյար սեքսուալության օբյեկտ մինչև դեռահասություն, երբ պատանու բեղատեղը սևանում է: Հարեմից դուրս տղամարդիկ ունեցել են նաև տղամարդ հարճեր: Այսինքն մինչև 19-րդ դարը բիսեքսուալությունը եղել է շատ պոպուլյար:
-Իսկ ինչի՞ ազդեցությամբ է փոխվել այդ վերաբերմունքը:
– Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ուսումնասիրում են, թե ինչի արդյունքում այդպիսի հոմոֆոբ վերաբերմունք առաջացավ նույնասեռականության վերաբերյալ, և շատերը պնդում են, որ դա սկսեց այն բանից հետո, երբ եվրոպացի ճանապարհորդները գալիս էին մուսուլմանական երկրներ ու ապշած մնում, թե ոնց կարելի է այսպիսի սեռական հարաբերությունները չթաքցնել: Նույնասեռականություն եղել է նաև Եվրոպայում, բայց այնտեղ դա մեղք էր համարվում: Ու իրենք, փաստորեն, գալիս էին ու տեսնում, որ դա բացեիվաց է արվում ու ոչ ոք դրա մասին ծածուկ չի խոսում: Դրա հետևանքով է, որ մուսուլմանները սկսեցին գաղտնի պահել, հետո էլ նաև օրենքի մակարդակում արգելել և մեջտեղ բերեցին հադիսներ, որտեղ Մուհամեդ մարգարեն ասում է, որ նույնասեռականությունը մեղք է, արգելված է և այլն:
Բայց կա նաև այլ մոտեցում, որ այն, ինչ տեսել են եվրոպացիները, իրականում պետք է բնութագրել homosiality բառով: Քանի որ հասարակությունը բաժանված է սեռերի և սոցիալիզացիան տեղի էր ունենում միայն տղամարդկանց հետ, և եվրոպացիները՝ տեսնելով, որ տղամարդիկ միայն տղամարդկանց հետ են շփվում, գնում բաղնիքներ ու թեյախմության և այլ զվարճանքի տեղեր, իրենք դա ընդունել են որպես միասեռականության դրսևորում: Եվ ասում են, որ մուսուլմանական աշխարհում հոմոսեքսուալիզմ երբեք չի եղել, այլ եղել է այդ homosiality կոչվածը, որ եվրոպացիները շփոթել են:
-Արդյո՞ք իսլամում կարող է փոխվել կնոջ նկատմամբ վերաբերմունքն ու կարող է արդյոք նա դիտվել տղամարդուն հավասար իրավունքներ ունեցող:
– Միջնադարյան աստվածաբանները գտնում են, որ մուսուլման տղամարդը առանձնահատուկ դեր ունի մուսուլմանական աշխարհում, բայց այժմ դիտվում է Ղուրանի էգալիտար մեկնաբանության միտումներ, և նոր մեկնաբանողներն ասում են, որ եթե մուսուլման տղամարդն ավելի վեր է, քան կինը, ուրեմն ոտնահարվում է իսլամական մի շատ կարևոր դրույթ, որը միաստվածության դրույթն է, ու այն, որ Աստված մեկն է ու միակը, որ բարձր է բոլորից, ու մնացած բոլորը պիտի իրար հավասար լինեն: Եվ նշանակում է, որ եթե մենք հիերարխիկ տարբերություն ենք դնում կնոջ և տղամարդու միջև, կին-տղամարդ-Ալլահ, ապա այդ դրույթը խախտվում է:
Եթե էգալիտար մեկնաբանություն ենք անում՝ ուրեմն չկա տարբերություն, բայց եթե ընդունում ենք միջնադարյան մոտեցումները և այն, որ տղամարդուն, փաստորեն, թույլ է տրվում 4 կին ունենալ, և ժառանգության իրավունքը տղամարդու գծով է, և տղամարդուց են ժառանգում անունն ու սեփականությունը, բնական է, որ ստացվում է տղամարդակենտրոն մոտեցում:
Սա սահմանված է Ղուրանով, բայց ուզում եմ նշել մի հետաքրքիր փաստ: Մինչև իսլամի ընդունումը Արաբիայում կար բազմակնություն, բայց այն սահմանված չէր 4 կանանցով, և բոլոր այդ կանայք որևէ կերպ պաշտպանված չէին օրենքով: Մուհամեդ մարգարեն բազմակնության հանդեպ սահմանափակում մտցրեց, ասելով, մուսուլման տղամարդը 4-ից ավել կին չի կարող ունենալ: Թեպետ, իհարկե, եթե մեկից բաժանվի՝ նորից մեկի հետ կարող է  ամուսնանալ:
Բայց Ղուրանի այդ գլխում, որտեղ խոսվում է 4 կին ունենալու մասին, մի քանի այաթներ կան, որ վերաբերվում են այս խնդրին: Առաջին այաթում ասում է, որ կարելի է ունենալ մեկ, երկու, երեք չորս կին, և շատ մեկնաբանողներ այս այաթը հանում ու ասում են, որ տեսեք. 4 կին ունենալը օրինական է: Բայց մի քանի այաթ այն կողմ կա այպիսի տող. «Չես կարող ունենալ 4 կին, եթե չկարողանաս արդար և հավասար մոտեցում ունենալ նրանց»:
Հիմա էգալիտար մեկնաբանության ջատագովներն ասում են, որ հնարավոր չէ ոչ միայն չորս, այլև նույնիսկ երկու կնոջ նկատմամբ ունենալ նույնպիսի վերաբերմունք, հետևաբար, քանի որ չես կարող բավարարել այդ պահանջները, ուրեմն չես կարող 4 կին ունենալ: Այլ մեկնաբանողներ էլ ասում են, որ հավասար վերաբերմունքը միայն  ֆինանսականի և գիշերները հավասարապես բաշխելու մասին է, այլ ոչ թե՝ հոգևոր-փիլիսոփայական տեսանկյունից հավասար ու արդար վերաբերմունքի: Ու, եթե մեկը կարողանում է չորսին էլ նույն վզնոցից առնել և սեռապես բավարարել, ուրեմն արդար է ու կարող է 4 կին ունենալ:
Բացի այդ, բազմակնության համակիրներն ասում են, լավ, իսկ ի՞նչ կասեք այրիացած, ամուսնալուծված, երբևէ չամուսնացած կանանց մասին, ովքեր, փաստորեն, այս օրենքի շրջանակներում հնարավորություն են ստանում ամուսնանալ: Թեև երկրորդ, երրորդ կամ չորրորդ կնոջ կարգավիճակում, բայց՝ ամուսնանալ: Եվ ի վերջո, իսլամում առանց կնոջ համաձայնության ամուսնություն չի կարող լինել, ու, եթե կինը համաձայնվում է լինել երկրորդ կամ երորրդ կին, ապա ինչո՞ւմն է խնդիրը:
Սակայն այսօր շատ մեծ տենդենց կա իսլամի շրջանակներում կնոջ նկատմամբ նոր  մեկնաբանություններ գտնելու, որովհետև իրենք տեսնում են, որ կանայք պահանջում են իրենց իրավունքները և փորձում իսլամի շրջանակներում դրանք ամրագրել: Եվ դա նպատակ ունի նաև ցույց տալու, որ այդ Արևմուտքը չէ, որ պաշտպանում է կանանց իրավունքները, այլ այդ իսլամն է, որ պաշտպանում է կնոջ իրավունքները, և իրենք հիմա ձգտում են ճկուն մեկնաբանություններ գտնել՝ դա ապացուցելու համար:
-Որտե՞ղ է այսօր գտնվում մուսուլման կինը և ուր է գնում:
– Իսլամական ամբողջ աշխարհի մասին պետք է խոսել կոնկրետ երկրների մասին, որովհետև հնարավոր չէ համեմատել Թուրքիան Իրանի հետ, Իրանը՝ Պակիստանի հետ և այլն, բայց այսօր Իրանում կան կանանց կողմից նվաճված իրավունքներ, որոնց մասին նույնիսկ մենք Հայաստանում չենք խոսում:
Ճիշտ է իրավական մակարդակում մենք ունենք այդ օրենքները, բայց, օրինակ, կան կարծրատիպային մոտեցումներ որոշակի մասնագիտությունների հանդեպ: Հիմա մեր մոտ, թեպետ ԲՈՒՀ-երում կանայք մեծամասնություն են, բայց նրանք մեծամասամբ սովորում են հումանիտար բնագավառներում, իսկ Իրանում, օրինակ,  ուսանող ինժեներների 70 տոկոսը կանայք են, և կանայք կան բոլոր հասարակական-քաղաքական բնագավառներում: Դա, իհարկե, եղել է իրենց պայքարի արդյունքում, որովհետև իսլամական հեղափոխությունից հետո կանանց շատ կտրուկ փորձեցին դուրս հանել բոլոր բնագավառներից, բայց հետո հասկացան, որ դա մի հսկայական ուժ է, որը, եթե իսլամի շրջանակում չօգտագործեն, ապա իրենց դեմ է օգտագործվելու, ու դրա համար սկսեցին թույլ տալ, որ կանայք քաղաքականությամբ զբաղվեն և լինեն հասարակական տարբեր ոլորտներում:
Կանայք սկսեցին գիտակցել, որ իրենց դեմ օգտագործվող իսլամը, իրականում, բոլորովին էլ իրենց դեմ չէ, և շատ մեծ ֆեմինիստական շարժումներ սկսվեցին Իրանում, որոնք պայքարում են ավելի ու ավելի լայն իրավունքների և հնարավորությունների համար:
-Կարելի է արդյո՞ք ասել, որ իսլամական աշխարհում ամենաառաջավոր կանայք Իրանում են:
– Եթե  հաշվի առնենք, որ հենց կանանց նախաձեռնությամբ են արվել շարժումներն ու նվաճվել իրավունքերը, ապա՝ այո, Իրանն է, որովհետև Թուրքիան աշխարհիկ պետություն է:
Բազմաթիվ եվրոպական ֆեմինիստներ նշում են, որ կանանց այն շարժումները, որ Իրանում են տեղի ունեցել, անգամ իսլամական հեղափոխության ժամանակ, որևէ եվրոպական երկրում չի եղել: Բազմաթիվ վկայություններ կան, որ Ֆուկոն այնքան ոգևորված է եղել իրանցի կանանց շարժումներով, որովհետև նրանք դուրս էին եկել պայքարելու շահի դեմ, առանց մտածելու, որ հետո կլինեն օրենքներ՝ ուղղված իրենց դեմ, այնպիսի մոբիլիզացիա է եղել կանանց, այնպիսի ակտիվություն, որ Ֆուկոն դարձել էր իսլամական հեղափոխության ջատագովն ու համակիրը՝ մինչև այն պահը, երբ սկսվեցին որոշակի խտրական օրենքների ընդունումը կանանց նկատմամբ: Իսկ երբ Խոմեյնին՝ հեղափոխության առաջնորդը, հաղթանակից մի քանի օր հետո ընդունեց օրենք, որ հիջաբը պարտադիր է, բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան, ու ֆրանսիացի մի քանի ֆեմինիստներ, որ գնացել էին մասնակցելու ու աջակցելու այդ ցույցերին, իրենց հիշողություններում գրում են, որ երբևէ ակտիվ կանանց այդպիսի համերաշխություն չեն տեսել որևէ եվրոպական երկրում:
Ժամանակակից աշխարհում այժմ շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում հենց տեղի կանանց իրավագիտակցության բարձրացման շնորհիվ, և դա շատ հետաքրիքր փուլում է հիմա: Եթե մենք հետևեինք այդ նույն «արաբական գարուն» կոչված երևույթին, ապա կտեսնեինք, թե ինչքան կանայք էին մասնակցում այդ ցույցերին: Ու երբ գալիս է  իրավագիտակցությունը, որ դու կարող ես ինչ-որ բան պահանջելով՝ այն ստանալ, իրենք նաև սկսում են առաջ քաշել իրենց իրավունքները:
Հիմա բազմաթիվ հետազոտություններ ու հրապարակումներ կան այն մասին, թե ոնց են մուսուլման կանայք փոխում մուսուլմանական աշխարհը: Խոսքն, իհարկե, չի գնում Սաուդյան Արաբիայի կամ Աֆղանստանի մասին, չնայած նույնիսկ Աֆղանստանում 14 տարեկան Մալալան ոտքի է կանգնել ու ասում է, որ դուք չեք կարող սահմանափակել իմ կրթության իրավունքը: Իսկ նրան փորձել էին սպանել ու նույնիսկ վիրավորեցին: Քանի որ Աֆղանստանում թույլ չեն տալիս դպրոց գնալ, ինքը պայքարում է դրա դեմ, ու ինքը մենակ չէ այդ հարցում, բնականաբար:
-Ինչպե՞ս են ազդում ժամանակակից տեխնոլոգիաները կանանց պայքրի վրա, կան այդպիսի օրինակներ:
– Կան, ընդ որում, շատ հետաքրիքր օրինակներ: Ընդամենը մի ամիս առաջ ֆեյսբուքում բացվել է մի խումբ, որ կոչվում է «Իրանցի կանանց գաղտնի ազատություն»: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մեծ Բրիտանիայում ապրող մի իրանցի լրագրող տեղադրեց առանց հիջաբի իր նկարն ու տակը գրեց, որ ափսոս, որ այս նույնը չի կարող անել իի հարազատ Իրանում և նույնը չեն կարող անել բազմաթիվ իրանցի կանայք: Նա այնքան մեկնաբանություն ստացավ այդ նկարի հետ կապված, որ որոշեց խումբ ստեղծել, որպեսզի այլ կանայք ևս կարողանան իրենց նկարները տեղադրել առանց հիաջբի: Մի քանի օրերի ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ ընդգրկվեցին այդ խմբում ու մի ամսվա ընթացքում արդեն կես միլիոն մարդու շեմն անցել է: Ու ոչ միայն  ընդգրկվում են, այլև Իրանի ամենատարբեր քաղաքներում ու գյուղերում ապրող կանայք իրենք իրենց նկարները առանց հիջաբի տեղադրում են այդ խմբում ու իրենց ցանկություններն ու երազանքն են արտահայտում այդ նկարներում՝ ասելով, որ իրենց պահանջն ու ցանկությունն է, որ իրավունք ունենան լինել առանց հիջաբի:
Իրանում առանց հիջաբի լինելը պատժելի արարք է, սակայն այս շարժումը հավաքական է ու հնարավոր չէ մի քանի հարյուր հազար կանանց հնարավոր ձերբակալել: Բացի այդ, այս ակցիան պատասխան է այն վերաբերմունքի, որ հիջաբից ձերբազատվելու անհրաժեշտության մասին խոսելիս՝ շատերը հակափաստարկներ են բերում, թե կանայք բոլորովին էլ չեն ուզում ազատ լինել հիջաբից: Իրենք մատնանշում են այն հանգամանքը, որ հիջաբից ազատ լինելն ընդամենը ֆեմինիստական գաղափարներով տարված մի քանի կանանց ցանկությունն է, իսկ մյուսները շատ էլ գոհ են իրենց հիջաբից: Բայց այս շարժումը ցույց տվեց, որ, փաստորեն, շատ էլ զանգվածային ու տարածված է այդ ցանկությունը:
Բացի այդ, հիմա Իրանի ու Վեցնյակի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ են ընթանում և շատ զգայուն ժամանակաշրջան է, ու, հավանաբար, այդ պատճառով է, որ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, որպեսզի մարդու իրավունքների հարցում թերանալու փաստ չգրանցվի, թեև, իհարկե, հիջաբից բացի՝ բազմաթիվ այլ օրենքներ կան, որոնք կարելի է ներառել մարդու իրավունքների ոտնահարման վերնագրի տակ:
Աննա Մուրադյան
http://www.religions.am/

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.