Իսլամագիտություն. Մուհամմադ Աբդո և Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

XIX դարի բերած փոփոխությունները՝ տեխնոլոգիայի և գիտության զարգացումը, տրանսպորտային կապերի նոր տեսակները, հանգեցրին եվրոպական երկների կողմից աշխարհի տարբեր մասերի գաղութացման գործընթացների հերթական ակտիվացմանը: Գաղութացման գործընթացին անմիջապես հետևեց հակազդեցությունը՝ ազգայնական շարժումների առաջացումը, որոնց առաջին նախանշույլներն արդեն երևում էին լուսավորչական շարժումների գործունեության մեջ: Ազգայնական հակագաղութային շարժումների առաջացման հետևանքով կրոնական գիտակցությունն աստիճանաբար փոխարինվում էր ազգային գիտակցությամբ:

Դիմադրության այլ ձևն էին կրոնական շարժումները՝ մուսուլմանական ումմայի վերականգնման փորձերը. դրանց հիմքում էր այն համոզմունքը, որ մուսուլմանական պետությունները կորցրել են իրենց փառահեղ անցյալի գիտական, մշակութային և ռազմական նվաճումները, և այդ իրողության հիմքում է ընկած իսլամի սկզբունքների աղավաղումը: Դարերի ընթացքում կեղծ գիտությունը կեղծ լուծումներ է տվել, կեղծ գաղափարներ է արտադրել, և դա բացասաբար է ազդել մուսուլմանական մտածողության վրա: Այս միտման ներքո կարևորագույն նշանակություն ունեցավ Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի գործունեությունը, հատկապես, երբ նա Եգիպտոսում հանդիպեց Մուհամմադ Աբդոյին և նրան շրջապատող մարդկանց: Մուհամմադ Աբդոն առաջադեմ և նորարարական գաղափարների և մեկնաբանությունների հեղինակ էր, ուներ կրոնական կրթություն և կրել էր փիլիսոփայության և սուֆիական գաղափարների ազդեցությունը: Նա, Եգիպտոսից վտարվելուց հետո, Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի հետ միասին աշխատում է Փարիզում, իսկ վերադառնալուց հետո մի շարք բարեփոխումներ է իրականացնում՝ թույլ է տալիս բանկային տոկոսը, եվրոպական հագուստը, կերպարվեստը և այլն:

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.