Իսլամագիտություն. Գրավոր մշակույթ և գիտությունների համակարգ. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Ումմայի ընդլայնման ընթացքում պահանջ է առաջանում ստեղծել հիմքում արաբերեն լեզուն ունեցող գրավոր մշակույթ. Ղուրանն արաբերեն էր տրվել Մուհամադին: VII դարի վերջից արաբերենը դառնում է վարչական լեզու: Բազմազգ ու բազմամշակույթ մուսուլմանական աշխարհին անհրաժեշտ էր արաբերեն սովորեցնել, ինչի համար արաբերենը սկսում է մշակվել մի քանի խոշոր կենտրոններում:

VIII դարում Խալիլ իբն-Ահմադը ամբողջացնում է արաբերեն քերականությունը՝ ստեղծելով հանգային գիտությունը, առաջին բառարանը և այլն:
Հավատացյալների թվի կտրուկ աճի հետ զուգահեռ Ղուրանի այաների համակարգված մեկնաբանության հարց է ծագում, մեկնաբանության դպրոցներ են աստիճանաբար ստեղծվում: Մեկնությունների (թաֆսիրների) հիմնական երեք տեսակներն էին առանձնացվել՝ այաների մեկնություն Մուհամադի կամ նրա զինակիցների խոսքի հիման վրա, այաների մեկնություն գիտելիքի հիման վրա և այաների մեկնություն ըստ նշանների, որն ուղղված էր այաների ներքին իմաստների բացահայտմանը:
Թաֆսիրների հիմնական աղբյուրներից առաջինը Ղուրանն է: Այս դեպքում մի այայի բացատրությունը գտնվում է մի այլ այայում: Երկրորդ աղբյուրը Մուհամադի հադիսներն են: Երրորդ աղբյուրը լրացուցիչ տեղեկություններն են, որոնք հավաստի կերպով կարող են հաստատել որոնվող իմաստը: Չորրորդ աղբյուրը իջթիհադն ու ռայն էին:
Ղուրանի և թաֆսիրների տեքստերի հիման վրա առաջանում են բազմաթիվ այլ գիտություններ՝ Ղուրանի ու հադիսների հետազոտությունը, այաների «տրման» դրդապատճառների ու հանգամանքների ուսումնասիրությունը, ավելի ուշ առանձնացած ճարտասանությունը և այլն: Գիտությունների հիմնական երեք խմբերն էին իսլամական գիտությունները, արաբական գիտությունները և «հների» (քաղաքակրթական) գիտությունները:


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.