Իսլամագիտություն. Բարքեր և քայքայում. Դավիթ Հովհաննիսյան (Բուն TV)

Աբբասյանների խալիֆայության առավելագույն ծաղկումն ու անկումը սկսվեց IX դարում՝ Հարուն ալ-Ռաշիդի օրոք: Հարուն ալ-Ռաշիդը՝ «Հազար ու մի գիշերվա» հեքիաթների հերոս, իմաստուն և արկածախնդիր արքան, թագաժառանգի իրավունքներ չուներ: Գահը ժառանգելով ավագ եղբոր անբացատրելի մահվանից հետո՝ նա, այնուամենայնիվ, խալիֆ դարձավ, բայց իր գահակալության տարիներին էր, որ խալիֆայությունը տարածքային առաջին կորուստներն ունեցավ:

Միջնադարյան մուսուլմանական քաղաքի հավաքական կերպար էր խալիֆայության կենտրոնը՝ Բաղդադը. Տիգրիսի և Եփրատի միջև, ծովի մերձակայքում գտնվող դարաշրջանի հրաշքը: Բաղդադը դրախտով էր սկսվում. արմավենիների անտառն էր բացվում ճամփորդի առջևում: Քաղաքը կրում էր ժամանակին բնորոշ ավտորիտար ճարտարապետության կնիքը. մեծ շինություններն ու գեղեցիկ կամուրջները ցույց էին տալիս խալիֆայության ուժը: Բաղդադը ժամանակաշրջանի ամենահարուստ և ամենաշքեղ քաղաքն էր, որ շլացնում էր ճանապարհորդներին: Բաղդադի շքեղության մասին պատմություններն էին տարածվում, որ հետագայում պատճառ դարձան խաչակրաց արշավանքների:

Աբբասյան խալիֆներից Մանսուրը գրագետ ղեկավար էր, ով հետևում էր բոլոր փաստաթղթերին և բոլոր մանրուքներին: Հետագա ժամանակաշրջանի Աբբասյանները սկսում են կորցնել հեղինակությունը՝ որոշումները թողնելով նադիմների վրա, որոնք նրանց սեղանակիցներն էին և մասնակցում էին խալիֆի խնջույքներին՝ միաժամանակ խորհրդատուների դեր ստանձնելով: Կյանքը ճոխ էր. դրա հանդեպ ֆատալ վերաբերմունքը միայն սրվում էր: Խալիֆայության՝ 10-11-րդ դարերի քայքայումը կապվում էր տարածաշրջան թափանցող թյուրքերի բացասական ազդեցության հետ: Օտարազգիներին իբրև վարձկան պահակախումբ օգտագործելը ավանդույթ է դառնում Մահդիի ժամանակներից: Թյուրքական պահակախումբը տեղ է գտնում պալատում, և հետագայում հենց օտարազգի թիկնապահների ձեռքերով է դավադրաբար սպանվում խալիֆ ալ-Մութավաքքիլը: Մութավաքքիլը հայտնի էր իր անզուսպ պահվածքով և թույլ կառավարմամբ, սակայն, անգամ նրա օրոք քայքայվող խալիֆայության գանձարանը դեռևս չափազանց հարուստ էր:

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.

Flags Widget powered by AB-WebLog.com.