«Դա անմիջականորեն կապված է Հայաստանի անվտանգության հետ». Աննա Գևորգյան

168ժամը զրուցել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի վերլուծաբան, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, իրանագետ Աննա Գևորգյանի հետ

– Տիկին Գևորգյան, Իրանում այս օրերին ընթացող ցույցերի պատճառների մասին տարբեր մեկնաբանություններ եղան, նախ՝ շեշտվեց սոցիալ-տնտեսական բաղադրիչը, ապա խոսվեց արտաքին ուժերի ուղղորդումների մասին, շրջանառվեց նաև Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի անունը։ Դուք ի՞նչ կասեք այս ամենի վերաբերյալ։

– Կա վարկած, որ Իրանի ցույցերը սկզբում առաջնորդում էին իրանական քաղաքական ներկա ու նախկին առաջնորդները, այդ թվում նաև՝ Ահմադինեջադի անունն էր շրջանառվում, բայց եթե անգամ սկզբում նման առաջնորդում կար, հետո վերահսկողությունից ամեն բան դուրս եկավ, որովհետև, եթե նայենք աշխարհագրությունը, թե որ քաղաքներն էին մասնակցում, և ինչ կոչեր էին բարձրաձայնվում, դրանք տարբեր են՝ և՛ սոցիալական են, և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ համակարգի ներսում բարեփոխումներ պահանջող, համակարգը բարեփոխող կոչեր, և ընդհանրապես՝ համակարգը մերժող կոչեր։

Ըստ այդմ՝ բազմաթիվ խնդիրներ միանգամից խոշորացույցի տակ կարելի է արդեն տեսնել, ցույցերի մասնակիցներն ամենատարբեր խավերին հուզող հարցեր սկսեցին բարձրացնել։

– Ինչո՞ւ հենց այս փուլում բարձրաձայնեցին այդ խնդիրների մասին։

– Այդ խնդիրների մասին իրանցիները միշտ էլ բարձրաձայնել են, ուղղակի վերջին դեպքերից հետո դրանք հայտնվեցին միջազգային ուշադրության կենտրոնում։ Իրանի իշխանությունները կարողանում էին մանևրելով այդ խնդիրները կամ լուծել, կամ ցույց տալ, թե դրանք այդքան էլ կարևոր չեն։ Իսկ այս օրերին բոլոր այդ խնդիրները խոշորացույցի տակ դրվեցին, և թվաց, թե դրանք մեկ օրում են ծնվել։

– Մամուլը գրեց Ահմադինեջադի ձերբակալության մասին, սակայն նրա փաստաբանը հերքեց դա։ Իրանական լրատվամիջոցներն ի՞նչ են գրում այս մասին։

– Իրանական բոլոր լրատվամիջոցները հղում են կատարում նրա փաստաբանի հայտարարությանը, որով նա հերքել էր այդ լուրը։ Ահմադինեջադի ձերբակալության լուրը տարածվել էր արաբական մի լրատվամիջոցից, միջազգային մամուլն այդ աղբյուրին էր հղում անում, և ըստ էության՝ չճշտված տեղեկատվություն էր։ Այստեղ հետաքրքիր է դիտարկել, թե ընդհանրապես արաբական կողմին ինչու է ձեռնտու այս պահին խոսել Ահմադինեջադի ձերբակալության մասին։ Խոսեցինք ցուցարարների առաջնորդման վարկածի մասին, և դուք էլ գիտեք, որ Իրանի ուժերը մեղադրել են բացառապես արևմտյան ուժերին և Սաուդյան Արաբիային, մյուս կողմից՝ խոսվում էր, որ Իրանի ներսում կան մարդիկ, որոնք առաջնորդում են ցուցարարներին։

Ըստ էության, արաբական շրջանակներին ձեռնտու է երկրորդ՝ Իրանի ներսում եղած առաջնորդի վարկածն առաջին պլան մղել, և այդ պատճառով էր, որ նման տեղեկություն շրջանառվեց։ Ես չեմ բացառում, որ առաջիկայում կարող է լինել նման բան՝ կապված ոչ միայն այս ցույցերի հետ, այլև նրա հետ, որ վերջին շրջանում Ահմադինեջադը բավականին հակաիշխանական գործողություններ է կատարում՝ նամակներ է գրում հոգևոր առաջնորդին՝ բողոքելով դատական իշխանության վարած քաղաքականությունից, Ռուհանիի վարած քաղաքականությունից։ Ընդամենը մեկ ամիս առաջ նա նստացույց էր անում Թեհրանում։

Այսինքն՝ գործողություններ, որոնք կարող են առիթ դառնալ եթե ոչ՝ ձերբակալության, այլ գոնե՝ տնային կալանքի համար։ Բայց այս պահին այդ լուրը շրջանառելն ավելի ձեռնտու էր արաբական շրջանակներին, որպեսզի հավելյալ անգամ փաստվի, որ Իրանի ներսում էին այն մարդիկ, որոնք կազմակերպել էին այդ բոլորը։

– Կարծիքներ կան, որ իրանական պետական լրատվամիջոցների սխալ քաղաքականության արդյունքում են տարբեր չճշտված տեղեկություններ հայտնվում միջազգային մամուլում։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում իրանական լրատվամիջոցների աշխատանքն այս օրերին։

– Մենք, ըստ էության, չենք լսում ցուցարարների ձայնը, այսինքն՝ ձայնը լսում ենք միայն կոչերի տեսքով, բայց որևէ հարցազրույց նրանց հետ չկա։ Լավ, հասկանում ենք, թե ինչին են դեմ, բայց ի՞նչ են ուզում, իրենց բարձրաձայնած խնդիրների լուծմանը հասնելու համար ի՞նչ ճանապարհներ են տեսնում։ Այդ բոլորը մենք չենք կարողանում տեսնել ու լսել, եթե սա շատ ավելի լիբերալ հարթությունում լիներ, ապա շատ ավելի դժվար կլիներ ապատեղեկատվություն տարածելը։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ ստեղծված իրավիճակն ինչի՞ կհանգեցնի

– Փաստ է, որ բարձրաձայնված խնդիրներն իրականում կան երկրում, և ցուցարարների այն կոչերը, որոնք Իրանի Իսլամական Հանրապետության պատմության համար աննախադեպ էին և որոշակի կարմիր գիծ հատելու քայլեր էին, կամ պետք է դրդեն իշխանություններին՝ լուրջ բարեփոխումներ անել ներքին սոցիալական, հասարակական ազատությունների ընդլայնման ուղղությամբ, կամ համակարգային փոփոխություն պետք է լինի երկրում, որում շահագրգռված են արտաքին ուժեր և բազմաթիվ արտասահմանում ապրող իրանցիներ ու քաղաքական գործիչներ, կամ էլ երկարաժամկետ առումով կարող է հանգեցնել նրան, որ, օրինակ՝ կոչերից մեկը ցույցերի վերջին օրերին արդեն հանրաքվեի անցկացումն էր, և միգուցե հասարակական ճնշման արդյունքում կարողանան հասնել նրան, որ հանրաքվե անցկացվի։

Ճիշտ է, հիմա ցույցերը մարած վիճակում են, որովհետև խիստ հսկողություն է գնում, և Թեհրանի քաղաքային ավագանին երեկ ընդունել է մի որոշում, ըստ որի՝ քաղաքում առանձին տեղ պետք է հատկացվի նրանց համար, ովքեր որոշակի բողոքներ ունեն, որպեսզի հենց այդ վայրում բողոքներն արտահայտեն, այսինքն՝ որոշակի փորձում են համակարգել ու վերահսկելի դարձնել այդ բողոքի ալիքը, բայց Իրանի բողոքների պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած մարվող բողոքից հետո լինում են շղթայական բողոքի ալիքներ։ Հազարավոր ձերբակալվածներ կան, կան նաև զոհեր, զոհերի հիշատակի օրերին նորից մարդիկ հավաքվելու են, այսինքն՝ կան առիթներ, որոնք ի սկզբանե հնարավոր չէ արգելել, բայց դրանք հետո կարող են վերաճել բողոքի ցույցերի։ Ձերբակալվածներին ազատ արձակելու համար բողոքներ կարող են լինել։ Մինչև վերջ բողոքի ձայնը հնարավոր չէ ճնշել, և դրանք պարբերաբար լսելի են լինելու։

– Իսկ հնարավո՞ր է Արաբական գարնան սցենարի, մասնավորապես՝ Սիրիայում տեղի ունեցածի կրկնություն։

– Դա վատագույն սցենարը կլինի, երբեք որևէ բան բացառել հնարավոր չէ քաղաքական պրոցեսներում։ Հետաքրքիր դիսկուրս գնաց դրա վերաբերյալ, շատերն ասում էին, որ պետք է ավելի զուսպ լիներ, որպեսզի Իրանը Սիրիայի չվերածվի, մյուսներն էլ ասում էին՝ պետք չէ վախենալ, եթե փոփոխությունների ենթարկվենք, ապա Թունիսի նման կփոխվենք, ոչ թե Սիրիայի։ Այսինքն՝ նույն Արաբական գարունն էլ տարբեր երկրներում տարբեր ընթացք ունեցավ և տարբեր արդյունքների հանգեցրեց։ Այս իմաստով՝ իհարկե, կան մտավախություններ, բայց Սիրիայի և Իրանի նմանություններն ավելի քիչ են, քան տարբերությունները, շատ ավելի ուժեղ քաղաքական համակարգ կա Իրանում, շատ ավելի ապակենտրոնացված քաղաքական իշխանություն, և երկիրը քաոսի հասցնելը, բարեբախտաբար, ավելի բարդ է։ Ասում եմ՝ բարեբախտաբար, որովհետև դա անմիջականորեն կապված է նաև մեր երկրի անվտանգության հետ։

– Այս իրավիճակը հայ-իրանական հարաբերությունների վրա ինչպե՞ս կանդրադառնա։

– Եթե խոսենք քաղաքական հարաբերությունների մասին, ապա դրանց վրա չի անդրադառնա, քանի որ ՀՀ-ն շատ չեզոք դիրքորոշում ունի այդ ամենի հանդեպ։ Տնտեսական առումով, իհարկե, կարող է անդրադառնալ, որովհետև, եթե այնտեղ ճգնաժամային իրավիճակ լինի, ապա այն հույսերը, որ ունենք իրանական ներդրումների վերաբերյալ, դրանք շատ ավելի քիչ տոկոսով կիրագործվեն։

Ամենադժվարը կլինի, իհարկե, հասարակությունների միջև կապը, խոսքը տուրիզմի և այլ ոլորտների փոխհարաբերությունների մասին է։ Բայց հուսանք, որ ամեն ինչ դրական սցենարով կզարգանա և լուրջ փոփոխություններ չեն լինի։
https://168.am/2018/01/08/890551.html

Комментирование и размещение ссылок запрещено.

Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.