ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ․ Կիլիկյան Հայսատանը ԺԲ-ԺԳ դդ բյուզանդական դիվանագիտության մեջ

2016 թվականի մարտի 29-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում պ.գ.դ. Ազատ Բոզոյանը (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ) հանդես կգա «Կիլիկյան Հայստանը ԺԲ-ԺԳ դդ բյուզանդական դիվանագիտության մեջ» խորագրով դասախոսությամբ:

Բյուզանդական կայսրության և Կիլիկյան Հայաստանի դիվանագիտական փախհարաբերությունները ըստ պահպանված վավերագրերի սկիզբ են առնում 1107 թ. և շարունակվում են մինչև 1331 թ.: Գիտությանը հայտնի են կայսերական և պատրիարքական դիվանատներում ձևակերպված վավերագրեր, որոնք ուղղված են կիլիկյան Հայաստանի թագավորներին և Ամենայն Հայոց կաթողիկոսներին: Հիմնականում կողմերի նպատակն է եղել հարթել երկու եկեղեցիների միջև առկա տարաձայնությունները և մշակել միասնական քաղաքական դոկտրինա միջազգային փոխհարաբերություններում: Կողմերն հիշյալ ժամանակշրջանում կազմակերպել են նաև մի շարք դիվանագիտական այցելություններ, որոնց մասին պատմում են սկզբնաղբյուրները:

Ներկա զեկույցի նպատակն է անդրադառնալ մեզ հայտնի դիվանագիտական այցելություններին, որոնք կարելի է բաժանել երկու փուլի: Առաջին փուլը համընկնում է Կոմնենոս կայսրերի իշխանության դարաշրջանի հետ, երբ Կիլիկիան դեռևս միջազգային ճանաչում չուներ և դիտվում էր իբրև Բյուզանդիայի ստորական: Երկրորդ փուլը համընկնում է Կիլիկիայում Հայոց թագավորության պաշտոնական ճանաչման և Բյուզանդիայում իշխող Անգելոս, Լասկարիս և Պալեոլոգ կայսրերի արտաքին քաղաքական նկրտումների հետ: Պահպանված վավերագրերի քանակով ամենաարգասաբերը փոխհարաբերությունների առաջին շրջանն է, որից մեզ է հասել շուրջ 30 հունարեն և հայերեն լեզուներով պահպանված վավերագիր: Մի շարք դեպքերում պահպանվել դրանց բնագրերը թե՛ հունարեն, և՛ թե հայերեն թարգմանությամբ: Երկու պետությունների ԺԳ –ԺԴ դդ. փոխհարաբերությունների վավերագրերից պահպանվել է շուրջ մեկ տասնյակ փաստաթուղթ, որոնց գերակշիռ մասը գրված է հունարեն: Այս ֆոնի վրա առանձնանում են երկու երկրների նախաձեռնած դիվանագիտական այցելությունները, որոնց անդամներ են եղել Կոստանդինուպոլսի կայսերական պալատի պաշտոնյաներ, եպիսկոպոսներ և այլ բարձրաստիճան հոգևորականներ:

Բյուզանդական կողմի ձեռնարկած դեսպանագնացությունների մեջ առանձնանում են Թեորիանոս բյուզանդական փիլիսոփայի գլխավորությամբ 1169/70 և 1171/2 թվականներին տեղի ունեցած այցերը, 1213/4 թ. թվագրվող Վասիլ Կամատերոսի դեսպանագնացությունը, ինչպես նաև 1331 թ. ձեռնարկված Միքայել Կալլիկրինիտեսի դիվանագիտական առաքելությունը: Բյուզանդական դիվանագիտական այցելությունների վավերագրերում շոշափված հիմնական հարցերն են.

1. Երկու երկրների միջև միջպետական դաշինքի ստեղծում,
2. Երկու եկեղեցական և նվիրապետական աթոռների միջև միության հաստատում:

Դասախոսության վայրը՝ ԵՊՀ 7-րդ մասնաշենք (Արևելագիտության ֆակուլտետ), 119 լսարան (ԵՊՀ ՔՄՀԿ):
Աշխատանքային լեզուն՝ հայերեն:
Մուտքն ազատ է:

Հարցերի դեպքում կարող եք գրել cccs@ysu.am հասցեին կամ զանգահարել 060-710-594 հեռախոսահամարով:


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.