Քաղաքակթական գործընթացներն և հոսանքները. անվտանգության մինիմալ և մաքսիմալ մակարդակները. Դավիթ Հովհաննիսյան

Հասկանալի է, որ այն, ինչը օրենք է եւ պարտադիր յուրայինների խմբի շրջանակներում, չի գործում օտարների հետ հարաբերվելիս: Այստեղից բխում է բարոյական նորմերի գործադրման սահմանների ընկալումը` դրանք ավելորդ են օտարների, թշնամիների, ստրուկների, անձից եւ էությունից զուրկ արարածների: Նա յուրային է: Մյուսները բոլորն էլ օտար են եւ թշնամի, իսկ թշնամու հետ պետք է վարվել համապատասխանաբար: Կռապաշտները, որոնք չեն ուզում ճանաչել: Այսպիսով, օտարը կամ անազատ է, կամ մեռած, իրական կամ պոտենցիալ, քանի որ այն հիվանդ է սարսափելի հիվանդությամբ` չի հավատում իսկական Աստծուն, չի ճանաչում աստվածային ճշմարտությունը, համառում է իր տգիտության մեջ, ուստի այն բարոյական նորմերը եւ օրենքները, որոնք կիրառելի են «առողջների», յուրայինների համար, այս դեպքում բացառվում են: Սակայն Հիսուսը Լերան քարոզում ասում է. «Իսկ ես ասում եմ` սիրեք ձեր թշնամիներին»: Բոլորովին այլ սկզբունք, որը օտարում է անազատության հասկացությունից տիրելու, իշխելու եւ ենթարկելու, ստրկացնելու սկզբունքը, սակայն պահպանում է «օտար-յուրային» հակադրությունը, փոխելով երանգավորումը «թշնամի» հասկացության մեջ: Հիմքն, այստեղ, հավանաբար այն է, որ հավատացյալ քրիստոնյան ենթակա է միայն Բարձրյալին եւ կատարում է միայն նրա հաստատած օրենքը: Ինչ վերաբերում է «թշնամիներին», ապա նրանք եւս Նրա արարածներն են եւ իրենց մեջ ունեն Արարչի շունչը, ուստի հենց այդ շունչը անհրաժեշտ է սիրել: Աստիճանաբար մարդը՝ մշակելով եւ զարգացնելով հասարակական վարքագիծը պայմանավորող բարոյական կանոնները եւ էթիկական նորմերը, հեռանալով իր բնությանը հատուկ բնազդներից, վտարում էր, ինչպես Ֆ.Նիցշեն էր գրում, «բարոյականությունից բնությունը»: Լերան քարոզով ձեւավորված ազատության այս նոր ըմբռնումը դարեր շարունակ պայքարում է անազատության դեմ: Որքան ավելի միասնական ու գլոբալ է ընկալվում աշխարհը, այնքան ավելի արդիական հնչեղություն է ստանում այս պայքարը: Հասարակությունները, որտեղ անազատությունը նորմ է, իսկ ազատությունը` լուսանցքային, աչքի են ընկնում իրենց քաղաքականացվածությամբ, ինչը բխում է «օտար-յուրային» արխայիկ հասկացության նման հասարակություններում արմատացած լինելուց: Դա արգելում է իրական զարգացման հնարավորությունները եւ ստիպում է անազատներին իրենց տեր որոնել` նվիրվելով օտար աստվածներին եւ նրանց հետ կապված սակրալացված արժեքները դավանել:

Համաձայն Կ.Յասպերսի, պատմության` մարդկությունը միասնական ընդհանրության մեջ միավորող արմատները եւ նպատակը հավաստիորեն հայտնի չեն: Դրանք անմիջականորեն ընկալելի են դառնում միայն «բազմանշանակ խորհրդանիշների ծողծողանքի միջոցով»: Նրա համար պատմության միասնականությունը «փիլիսոփայական հավատի» (շատ հակասական ձեւակերպում է) առարկա է: Կ.Յասպերսը ձեւակերպել է մարդկության պատմության «առանցքային ժամանակի» (մ.թ.ա. 800-200թթ.) մասին տեսությունը, ըստ որի՝ այս ժամանակաշրջանը, որի ընթացքում տարբեր աշխարհամասերում եւ մշակույթներում զուգահեռաբար ստեղծվում եւ ձեւավորվում են հզոր հոգեւոր շարժումներ` Չինաստանում գործում են Կոնֆուցիոսը եւ Լաո Ձին, Հնդկաստանում` Բուդդան եւ Ուպանիշադաների ստեղծողները, Իրանում` Զրադաշտը, Պաղեստինում՝ աստվածաշնչյան մարգարեները, Հունաստանում` փիլիսոփաները եւ ողբերգակները: Կ.Յասպերսն ասում է, որ այս ամենը մեկ ընդհանուր հոգեւոր գործընթացի տեղայնացումներն են, իսկ «առանցքային ժամանակի» հիմնական հատկանիշն է դիցաբանական աշխարհայեցողության նահանջը:

Հետաքրքիր է, որ հունական մեծագույն հերոսներից մեկի` Պերիկլեսի ամենամտերիմ բարեկամը փիլիսոփա Անաքսագորն էր, որը, ըստ Ա.Լոսեւի` «հաղթահարում է մաքուր, անմիջական եւ ամբողջական դիցաբանությունը` պայքարելով վերջինիս անտրոպոմորֆիզմի դեմ»: Անաքսագորի գաղափարները լուրջ ազդեցություն են ունեցել Պերիկլեսի աշխարհայեցողության վրա, ինչն անմիջականորեն արտահայտվել է վերջինիս իրականացրած քաղաքականության վրա:

Նրա նախորդի եւ հիմնական հակառակորդի` Կիմոն Աթենացու, ժամանակակից եզրերով ձեւակերպած, արտաքին քաղաքական հիմնադրույթն էր` համահունական, հելլենական դաշինք ընդդեմ Պարսկաստանի: Ներքին քաղաքականության մեջ Կիմոնը ազնվականների կուսակցության առաջնորդն էր:

Պերիկլեսի համար հիմնական թշնամին Սպարտան էր` «մաքուր, անմիջական եւ ամբողջական դիցաբանության մարմնավորումը», որի հզորությունը ընկալվում էր որպես Աթենքի գերակայության համար միակ իրական խոչընդոտ: Պերիկլեսը Աթենքի դեմոկրատների առաջնորդն էր:

Այս երկու հերոսների միջոցով մարմնավորվող ի՞նչ իրական քաղաքական հայեցակարգերի միջեւ էր գործնականում ընթանում պայքարը մ.թ.ա. 5-րդ դարում: Սպարտան Աթենքի միակ իրական մրցակիցն էր ցամաքում, Իրանը` ծովում:

Սպարտայի նկատմամբ հաղթանակը թույլ կտար Աթենքին տիրել ամբողջ Հունաստանում եւ նույնիսկ` ամբողջ թերակղզում, բայց եւ կվերացներ այդքան ատելի անտրոպոմորֆ աստվածների կամքից կախվածության ֆատալությունը: Այն ուղղված էր հունական պոլիսների նկատմամբ Աթենքի՝ որպես ամենահզոր պոլիսի, որը նաեւ ինքն իրեն գիտակցում էր որպես ամենաառաջադեմ եւ իսկական արժեքային համակարգի ստեղծող եւ կրող, ամենա-աթենցիների տեսակետից, զարգացած եւ արդար պետական-քաղաքակրթական կառույցների օրինակ, գերակայության հաստատմանը եւ միտված էր այդ ամենը պարսիկներից, որոնց հույները անվանում էին բարբարոսներ, հեռու պահելու` սահմանափակելով բոլոր տեսակի շփումները նրանց հետ, ինչը, հավանաբար, բոլորովին էլ իրատեսական չէր, ինչպես նման բոլոր գաղափարները:

Կիմոնի տեսակետից` Աթենքի համար միակ իրական եւ վտանգավոր ախոյանը Իրանն էր՝ իր հզոր նավատորմով եւ բանակով, իր Միջերկրականի ափերով տարածված նվաճած եւ ստրկացրած երկրներով եւ ժողովուրդներով:

Աշխարհը սահմանափակվում է «քաղաքակիրթ տարածքով»` հունական պոլիսներ, այդտեղից հասանելի «քաղաքակրթված տարածքներ», պարսիկ բարբարոսներ, որոնք քաոսից, այսինքն` չկազմակերպված, «քաղաքակիրթ օրենքի» վրա չհիմնվող տարածքից ներխուժում են «քաղաքակիրթ տարածք»: Սակայն պարսիկները նույնպես հիմնվում են ինչ-որ օրենքի վրա, որը, հույների տեսակետից, վատն է, քաղաքակիրթ չէ, սակայն, այնուամենայնիվ, օրենք է, ինչն էլ թույլ է տալիս նրանց ներխուժել (այս մտայնությամբ էլ նկարահանվել է նոր քաղաքական միտումներին համահունչ բրենդագովազդային հոլիվուդյան ֆիլմը սպարտացիների մասին) «կոսմոս»` հունական քաղաքակրթության աշխարհ:

Այս երկու հերոսների գործունեությունը համեմատելիս եւ Կ.Յասպերսի «առանցքային ժամանակը» մտքում պահելով, կարելի է եւս մեկ դիտարկում կատարել: Իր մարդակերպ աստվածներին հավատալով եւ ճակատագրին վստահելով` Կիմոնը համոզված էր, որ ոչ միայն բոլոր բարբարոսներին կհաղթի, այլ նաեւ, Պոսեյդոնի օգնությամբ եւ հունական նավատորմի շնորհիվ՝ իրեն կենթարկի ծովը, ինչին չեն կարող հասնել այլ, իր տեսակետից` կեղծ աստվածներին երկրպագող ժողովուրդները: Պերիկլեսի համար այդ աստվածները արդեն իրենցից չեն ներկայացնում ամենակարող եւ միայն իրար հետ մրցող ուժեր, նա հակված է անաքսագորյան «աստվածային բանականության» հիման վրա գոյացած նոր, ավելի ամբողջական աշխարհհընկալման եւ վերջինից բխող արժեքային համակարգի շնորհիվ ստեղծել այդ ամբողջականությունը արտահայտող հելլենական աշխարհ:

Մեկին հավատը եւ գաղափարը տանում է դեպի ծով, մյուսին` մայրցամաքի խորքերը: Երկուսի մղումն էլ մեկն էր` ավելացնել սեփական, «յուրայինների» ազատությունը օտարների հաշվին, որոնք ձեռք բերելով օրենք, այսինքն` քաղաքակիրթ դառնալով, փորձում են վերաձեւել տիեզերքը, որի իրավունքը պատկանում է միայն ազատ, այսինքն` ի տարբերություն «վատ օրենք» ունեցող եւ այդ պատճառով անազատ պարսիկների, շատ ավելի «իսկական», բառիս բուն իմաստով, քաղաքակիրթ հույներին:

Սակայն այստեղ մի չափազանց վտանգավոր ծուղակ է թաքնվում` անվերջ ավելացնելով «յուրայինների» ազատությունը, ընդլայնվում է մշակույթի ոլորտը, եւ այն սկսում է հաղթահարել քաղաքակրթական կանոնների եւ ինստիտուտների զսպող ուժը, ինչն իր կյանքով ապացուցեց Ալեքսանդր Մակեդոնացին: Քաղաքակրթական սանձերը միշտ ենթարկվում են ագրեսիվ ճնշման այն անձանց կողմից, որոնք, Ստրուգացկի եղբայրների արտահայտությամբ` «տարօրինակ էին ցանկանում»: Տար-օրինակ, այսինքն` օրենքից տարբերվող, կանոններից եւ ինստիտուտներից փախչող:

Այս ձգտումը որքան որ բնական է, այնքան էլ վտանգավոր, քանի որ մղում է դուրս գալ անվտանգության մինիմալ կամ մաքսիմալ սահմաններից:

***
Ֆերնան Բրոդելը իր «Միջերկրական ծովը եւ Միջերկրական աշխարհը` Ֆիլիպ II-ի դարաշրջանում» աշխատության մեջ այսպես է գրում հայերի մասին. «Նույնիսկ այնպիսի մայրցամաքային, այնպիսի բոլոր կողմերից փակված երկիր, ինչպիսին Հայաստանն էր, չկարողացավ խուսափել այդ բոլոր լեռնային տեղանքների համար անողոք ճակատագրից (բնակչության զանգվածային արտագաղթից.- Դ.Հ.)… Անվիճելի է, որ հայերի սփռումը տեղի էր ունենում Պոլսի, Թիֆլիսի, Օդեսայի, Փարիզի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների ուղղությամբ. Հայ սփյուռքը մեծ լումա ուներ 17-րդ դարի սկզբին Շահ Աբասի Մեծ Պարսկաստանի զարգացման գործում` բացի այլ բաներից, այն մատակարարում էր նաեւ դրա համար անհրաժեշտ նեգոցիանտներ, որոնք այդ ժամանակներում իրենց ուղեւորությունների ընթացքում հասնում էին Գերմանիայի տոնավաճառներ, վենետիկյան ծովափնային փողոցներ եւ Ամստերդամի առեւտրական ընկերություններ: Նրանց նախորդները, որոնք փորձել էին նման կապեր հաստատել, հաջողության չհասան»:

Ֆ.Բրոդելը բացատրում է այս ոլորտում հայերի հաջողությունը հետեւյալ պատճառներով. «Հայերը հաջողության հասան մասամբ այն բանի պատճառով, որ քրիստոնյա էին, բայց հիմնականում` շնորհիվ ջանասեր աշխատանքի, համառության, իսկական սարեցիներին հատուկ զուսպ եւ պահանջկոտ չլինելուն:… Զոլֆայում (Ջուլֆա.- Դ.Հ.), Իսֆահանում գտնվող հարուստ հայկական գաղութում գտնվող իրենց տներում նրանք մեծ կարողություններ են կուտակում դրամով, ինչը նրանց թույլ է տալիս վարել նույնպիսի ցոփ կյանք, ինչպես պարսիկները, իրենց կանանց հագցնել վենետիկյան փարչա, իսկ իրենց ձիերին զարդարել արծաթե սանձերով»:

Հեղինակը նշում է, որ այդ ուղղությունը միակը չէր այդ ժամանակաշրջանի հայ վաճառականների համար. «Նրանք կարողանում են երկու խաղատախտակների վրա խաղալ եւ, չբավարարվելով Եվրոպայով`առեւտրական գործունեություն վարել Հնդկաստանի, Տոնկինի, Յավայի, Ֆիլիպինների եւ Չինաստանից ու Ճապոնիայից բացի, ամբողջ Արեւելքի հետ»:

Ֆ.Բրոդելը հայերին նվիրված այս մասը եզրափակում է մի շատ հետաքրքիր եւ մեր օրերում նույնպես արդիական դիտարկումներով. «16-րդ դարի վերջի եւ 17-րդ դարի սկզբի այս արտագաղթով է բացատրվում վենետիկյանին նման հայաստանյան Ռենեսանսը: Բայց արդյո՞ք սահմանված եզրերից նման դուրս գալը, որքան բարեբեր, այնքան էլ կործանարար, պատճառը չէր այն իրողության, որ արդեն

14-րդ դարից սկսած Հայաստանում դադարեց ոչ միակն պետության ձեւավորումը, այլ ընդհանրապես` բարձր ներուժ ունեցող սոցիալական միջավայրի»:

Չխորանալով 16-17 դարերի պատմական իրադարձությունների մեջ, նշենք միայն, որ ֆրանսիացի գիտնականի դիտարկումը մեզ համար չափազանց արժեքավոր է, որովհետեւ սահմանում է մի հասկացություն, որը որքան էլ միշտ «անորսալի» է թվացել, սակայն միշտ իրեն զգացնել է տվել:

Այդ հասկացությունը Ֆ.Բրոդելը անվանում է «սահմանված եզրեր», այսինքն` այն սահմանները, որտեղ հասարակությունը համեմատաբար անվտանգ է եւ որոնցից դուրս ավարտվում է «պետության ձեւավորումը» եւ «բարձր ներուժ ունեցող սոցիալական միջավայրը»:

Մի քանի կրեատիվ խաղերի ժամանակ տարբեր սոցիումներում (հայկական, հարավռուսական, վրացական, աբխազական) ձեւակերպվել է «ազգային անվտանգության մինիմալ եւ մաքսիմալ մակարդակներ» հասկացությունները: Մինիմալից ներքեւ իջնելը նշանակում է հասարակության քայքայում, սակայն նաեւ մաքսիմալ մակարդակից դուրս գալը նույնպես հղի է նույն հետեւանքներով:

Հիմնականում այդ մակարդակների փոփոխությունը բնութագրվում է որպես երկու տիպի գործընթացների ազդեցություն` հասարակության մեջ տեղի ունեցող ներքին եւ դրսից եկող արտաքին:

Երկու հիմնական գործընթացները, որոնք ազդում են անվտանգության մակարդակների փոփոխման վրա, ավելի ճիշտ է բնութագրել որպես քաղաքակրթական եւ մշակութային:

Քաղաքակրթական գործընթացները հիմնականում կապված են քաղաքակրթական հոսանքի հետ, որը արտաքին աշխարհից ներթափանցում է հասարակություն` փոփոխելով վերջինիս կյանքը, ձեւավորելով նոր գործոններ, որոնք էական են դառնում տվյալ հասարակության համար, քանի որ ստեղծում են հասարակության ներսում այնպիսի կառույցներ, նորմեր եւ արժեքներ, որոնք թույլ են տալիս հեշտ ադապտացնել ներթափանցող տարրերը:

Որոշ դեպքերում քաղաքակրթական հոսանքը իր հետ բերում է (եւ հենց դրանցով էլ ներկայանում է) մշակութային նորմեր եւ արժեքներ: Սակայն այդ նորմերի եւ արժեքների ադապտացումը տեղական միջավայրում անհնար կլինի, եթե այն նախապատրաստված չէ քաղաքակրթական արդյունքի թափանցմամբ:

Միաժամանակ որպես քաղաքակրթական արդյունք՝ հասարակություն են թափանցում գիտելիքներ, մասնագիտություններ, արհեստներ, արվեստներ եւ այլն: Այս ամենը կարող է ընկալվել կամ ամբողջովին` հիմքային գիտելիքով, ինչը թույլ է տալիս արդեն հասարակության ներսում այն կիրառել ֆունդամենտալ ոլորտում եւ ֆունդամենտալ կերպով, կամ մասնակի` միայն որպես հավաքելու, նորոգելու` փչացած մասը փոխելով, այսինքն` մոտավորապես անել այն, ինչն անում է երեխան` սենյակում լույսը վառելիս, քանի որ նա հասկանալի պատճառներով չգիտի էլեկտրական հոսանքի մասին:

Կա նաեւ երրորդ տարբերակը` չընդունել, փորձել ստեղծել փակ հասարակություն: Այդպես էր անում Սաուդական Արաբիան` արգելելով ռադիոհաղորդումները, իսկ հետո՝ հեռուստատեսությունը: Նման կերպ էր վարվում Խորհրդային Միությունը, որի ներուժը թույլ էր տալիս երկար դիմակայել քաղաքակրթական հոսանքին: Սակայն նույնիսկ այդ հզոր կառույցը փլվեց` փորձելով դիմադրել ժամանակի ոգուն:

Ներկայումս, երբ աշխարհը ապրում է գերիշխող ինֆորմացիոն քաղաքակրթության հարթության մեջ, նման փորձերը ընդհանրապես դատապարտված են, ուստի դիմակայելու միակ ձեւն է` հզորացնել սեփական հասարակության արտահոսեցրած քաղաքակրթական հոսանքը: Մշակութային գործընթացները, ընդհակառակը, զարգանում են հասարակության ներսում եւ միտված են պաշտպանելու այն դրսից եկող քաղաքակրթական հոսքից եւ զարգացնելու իրեն հատուկ արժեքային համակարգը: Որքան ավելի ամբողջական եւ փոխկապակցված են արժեքային համակարգի տարրերը, որքան ավելի մեծ տարածում ունի որպես համակարգի հիմք տվյալ հասարակության հիմնարար արժեքը, այնքան ավելի կուռ են ավանդույթները եւ մշակութային նորմերը եւ բարձր է անվտանգության մակարդակը:

Ժամանակակից աշխարհում մշակույթը պետք է ունենա նաեւ բարձր ադապտացիոն հնարավորություններ, ինչը հասանելի է, եթե արժեքային համակարգը պարունակում է այնպիսի տարրեր, որոնք թույլ են տալիս, ինչպես ձեւակերպել է Մ. Բախտինը, «յուրացնել ուրիշինը առանց սեփականը դարձնելու»:

Որպես օրինակ կարելի է բերել ճապոնական մշակույթը, որը բաց լինելով արտաքին քաղաքակրթական հոսանքի համար, պաշտպանված է իր արժեքային համակարգի տեսակետից:

Այսպիսով, Ֆ.Բրոդելի նշած «սահմանված եզրեր» հասկացությունը գծում է հասարակության երկու անվտանգության սահման.

ա) այն չպետք է այնքան ընդլայնվի քաղաքակրթական առումով, որ ճնշվի իրեն հատուկ մշակույթը,

բ) այն չպետք է այնքան սեղմվի մշակութային առումով, որ թույլ չտա քաղաքակրթական արդյունքի ներթափանցումը հասարակության մեջ:

Տարբեր են պետության եւ հասարակության դիրքորոշումները վերը նշված երկու գործընթացների վերաբերյալ: Պետությունը իր գործառույթներն իրականացնելու համար ստիպված է անընդհատ ձգտել ընդլայնելու իր հնարավորությունները եւ ռեսուրսները: Այդ իսկ պատճառով այն մշտապես միտված է այնպիսի գործողությունների, որոնք կարելի է բնորոշել որպես էքսպանսիա: Ընդ որում, պետության կողմից էքսպանսիան իրականացվում է թե՛ դեպի դուրս` արտաքին աշխարհի նկատմամբ, եւ թե՛ դեպի ներս` իր քաղաքացիների իրավունքների նկատմամբ:

Պետությունը ներսում ընդլայնում է իր տիրույթը հասարակության հաշվին: Երկրից դուրս այն ընդլայնվում է ոչ միայն տարածքային առումով, այլ մեծացնելով իրեն հասանելի հումքային ռեսուրսների, այդ ռեսուրսները տեղափոխելու համար ծառայող ենթակառուցվածքների, այդ ամենի հսկողությունը ապահովող կառույցների դաշտը:

Այստեղ եւս կան սեղմվելու մինիմալ եւ ընդլայնվելու մաքսիմալ սահմանները, որոնց հատումը հանգեցնում է պետության քայքայմանը եւ ձեւափոխմանը:

Արտաքին էքսպանսիայի համար թույլատրելի հնարավոր մաքսիմալ սահմանն անցնելու դասական օրինակ է նապոլեոնական Ֆրանսիայի 19 դ. սկզբի ընդլայնումը, ինչը հանգեցրեց կատաստրոֆիկ պարտության եւ պետության քայքայման եւ ձեւափոխման: Որպես դասական օրինակ, այն տալիս է պետության համար կործանարար այդ գործընթացների հիմնական հատկանիշները:

Որպես կանոն, երկրի ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու համար անհրաժեշտ է այս կամ այն չափով կենտրոնացնել ղեկավարումը մի կենտրոնում, ինչը կարող է արտահայտվել շատ տարբեր ձեւերով` արեւելյան դեսպոտիայից կամ ամբողջատիրությունից՝ մինչեւ ընդգծված կառավարման կենտրոն ունեցող ժողովրդավարություն:

Երկրորդ քայլն է` նախահարձակ գաղափարախոսության ձեւավորումը, ինչը բոլոր դեպքերում էլ կապված է սեփական արժեքային համակարգի գերազանցության եւ բացարձակության ընկալման հետ, ինչն ինքնըստինքյան բերում է այդ արժեքների արտահանման, տարածման, պարտադրման մտքին:

Արժեքների արտահանման խնդիրը լուծվում է կամ ուղղակի ռազմական ագրեսիա իրականացնելով, կամ էլ շեշտը դնելով քաղաքակրթական արդյունքի արտադրանքի եւ արտահանման ընդլայնման վրա, այսինքն՝ կատարելով այն, ինչը եգիպտացի մեծատաղանդ գրող Յուսուֆ Իդրիսը անվանում էր «ալ-ղազվ աս-սակաֆի» (մշակութային ագրեսիա):

Արտագաղթը, որի կապակցությամբ Ֆ.Բրոդելը արտահայտում է քննարկվող միտքը, դիտարկվող խնդրի կտրվածքով ունի երկու հիմնական հատկություն: Առաջինը խիստ բացասական է այն հասարակության եւ պետության համար, որից արտագաղթում են, որովհետեւ երկրից դուրս է գալիս առավել դինամիկ եւ պահանջարկ ունեցող մասը, ինչի հետեւանքով հասարակության ներսում պակասում է ստեղծագործական ներուժը, կտրվում են ձեւավորված կապերը, որոնց շնորհիվ այն կայուն էր, բարոյականությունը անկում է ապրում, իսկ արժեքային համակարգը ձեռք է բերում վտանգավոր ֆրագմենտարություն, երբ չկա մեկ կամ մի քանի հիմնարար արժեքներ, որոնց շուրջ մարդիկ համախմբվում են:

Երկրորդ հատկությունը կապված է քաղաքակրթական հոսքի ազդեցության մեծացման հետ, քանի որ մեծ զանգվածի դուրս գալով (պայմանով, որ կապը հասարակության հետ պահպանվում է) ընդլայնվում է քաղաքակրթական արդյունքի ներթափանցման խողովակը: Բացի այդ, այն հենց սկզբից ձեռք է բերում տվյալ հասարակությանը ծանոթ պատկեր, քանի որ թափանցում է ծածկված տեղական մշակութային շղարշով: Հարկ է նշել, որ այն դեպքում, երբ քաղաքակրթական արդյունքը կապված է ֆունդամենտալ հասկացությունների հետ, այլ ոչ թե դրանց վերջնական արդյունքի, այն կարող է լուրջ դրական ներգործություն ունենալ հասարակության ադապտացիոն հնարավորությունների զարգացման վրա:

Առավել վտանգավոր են այն դեպքերը, երբ դինամիկ եւ ստեղծագործական ներուժ ունեցող խմբերը` հաջողության հասնելով բնակության նոր վայրում, ձգտում են իրենց նոր ձեռք բերած արժեքների համաձայն վերափոխել իրենց նախկին հասարակության մշակութային նորմերը եւ արժեքները:

Բոլոր դեպքերում վերը շարադրվածից հասկանալի է, որ լավագույն տարբերակը հերթական անգամ կապված է «ոսկե միջին» տրիվիալ թվացող հասկացության հետ: Եթե պետությունը եւ հասարակությունը գիտակցում են հարցի այսպիսի ձեւակերպումը, ապա նրանք հնարավորություն են ձեռք բերում մոդելավորելու իրենց համար առավել ձեռնտու տարբերակը, որի շնորհիվ լուծելի են դառնում ժամանակակից քաղաքակրթական համակարգին (կանոններ+ինստիտուտներ) ադապտացվելու խնդիրները՝ հիմնվելով սեփական մշակույթի վրա (ազատություն +ստեղծագործություն):

Հայաստանի դեպքում, իմ կարծիքով, այդ տարբերակը կայանում է հայաստանակենտրոն Ցանցապետության ստեղծման մեջ:

Աղբյուր՝ 168 ԺԱՄ, Հուլիս 30, 2009


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.