Ազատության և անազատության սահմանը. Դավիթ Հովհաննիսյան

Էմիլ Բենվենիստը «Հնդեվրոպական սոցիալական եզրերի բառարանում» գրում է, որ չնայած բոլոր հնդեվրոպական ժողովուրդների համար բնորոշ է «ազատ մարդ – ստրուկ» հակադրությունը, այնուամենայնիվ «ազատություն» ընդհանուր հասկացությունը բնորոշող եզր նրանք չունեին։

Հին հունարենում և լատիներենում մարդու ազատ լինելը բխեցվում էր նրա արյունակցական կապերով պայմանավորված սոցիալական պատկանելությունից։ Հռոմեացիք օրինական զավակներին կոչում էին liberi, այսինքն, նրանց համար օրինականա զավակ լինելը և ազատ լինելը նույն բանն էր։ Մարդը, ըստ նրանց, ծնվում է ազատ կամ ստրուկ, ազատը տեր է, ազատությունը՝ տիրակալություն, իշխանություն։ Գերմաներենում, Համաձայն Է.Բենվենիստի, հստակ է կապը frei (ազատ) և Freund (ընկեր, բարեկամ) բառերի միջև, ինչը թույլ է տալիս վերականգնել «ազատություն» հասկացության նախնական իմաստը. այն ըմբռնվում էր որպես պատկանելություն մարդկանց սահմանափակ խմբի, որոնք շփվելիս իրար «ընկեր» էին անվանում։

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն էր, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր։ Ընդունված է համարել, որ այստեղից բխում է անազատության երկրորդ՝ սոցիոմշակութային ըմբռնումը. Անազատ է այն ամենն, ինչն օտար է, դուրս է յուրայինների շրջանակից, հետևաբար՝ թշնամական է, անձից, էությունից զուրկ։
Հասկանալի է, որ ազատություն/անազատություն հասկացությունների հիմքում ընկած «օտար –յուրային», «ընկեր–թշնամի» օպոզիցիան հատուկ է գրեթե բոլոր մշակույթներին։ Հասկանալի է նաև, որ այն ինչն օրենք է և պարտադիր յուրայինների խմբի շրջանակներում, չի գործում օտարների հետ հարաբերվելիս։ Այստեղից բխում է բարոյական նորմերի գործադրման սահմանների ընկալումը՝ դրանք ավելորդ են օտարների, թշնամիների, ստրուկների, անձից և էությունից զուրկ արարածների համար։ Օրինակ, Աստվածաշնչում Մովսեսը արգելում է վաշխառոությունը հրեանրի, այսինքն՝ յուրայինների համար, սակայն թույլ է տալիս տոկոսով պարտք տալ օտարներին, ինչը համարժեք է վերջիններիս ստրկացնելու, ենթարկելու թույլտվությանը, քանի որ «այն ամենը, ինչից Խորշում է Տերը, ինչը Նա ատում է, նրանք դարձնում են իրենց համար աստված»։

Գրեթե նույնն է մոտեցումը իսլամում։ Նա, ով ումմայի, այսինքն՝ մուսուլմանական կրոնական համայնք–հասարակության անդամ է, հավատացյալ է, նա յուրային է։ Մյուսները բոլորն էլ օտար են և թշնամի, իսկ թշնամու հետ պետք է վարվել համապատասխանաբար։ Կռապաշտները, ովքեր չեն ուզում ճանաչել Ալլահին որպես միակ և միասնական աստված, պետք է ոչնչացվեն։

«Գրքի մարդիկ», այսինքն՝ քրիստոնյաները, հրեաները, զրադաշտականները պետք է ճանաչեն իրենց կարգավիճակը, այսինքն՝ ենթարկվեն, ինչը ազատության/անազատության հակադրման տեսանկյունից նույնն է, ինչ որ ստրկացվելը։ Այսպիսով, օտարը՝ կամ անազատ է, կամ մեռած, իրական կամ պոտենցյալ, քանի որ այն հիվանդ է սարսափելի հիվանդությամբ՝ չի հավատում իսկական Աստծուն, չի ճանաչում աստվածային ճշմարտությունը, համառում է իր տգիտության մեջ, ուստի այն բարոյական նորմերը և օրենքները, որոնք կիրառելի են «առողջների», յուրայինների համար, այս դեպքում բացառվում են։

Սակայն Հիսուսը Լերան քարոզում ասում է. «Իսկ ես ասում եմ՝ սիրեք ձեր թշնամիներին»։ Բոլորովին այլ սկզբունք, որն անազատության հասկացությունից օտարում է տիրելու, իշխելու և ենթարկելու, ստկացնելու սկզբունքը, սակայն պահպանում է «օտար–յուրային» հակադրությունը, փոխելով երանգավորումը «թշնամի» հասկացության մեջ։ Հիմքն, այստեղ, հավանաբար այն է, որ հավատացյալ քրիստոնյան ենթակա է միայն Բարձյալին և կատարում է միայն նրա հաստատած օրենքը։ Ինչ վերաբերվում է «թշնամիներին», ապա նրանք ևս Նրա արարածներն են և իրենց մեջ ունեն Արարչի շունչը, ուստի հենց այդ շունչը անհրաժեշտ է սիրել։

Աստիճանաբար մարդը, մշակելով և զարգացնելով հասարակական վարքագիծը պայմանավորող բարոյական կանոնները և էթիկական նորմերը, հեռանալով իր բնությանը հատուկ բնազդներից, վտարում է, ինչպես Ֆ.Նիցշեն էր գրում, «բնությունը բարոյականությունից»։ Ազատության այս նոր ըմբռնումը դարեր շարունակ պայքարում է անազատության դեմ։ Որքան ավելի միասնական ու գլոբալ է ընկալվում աշխարհը, այնքան ավելի արդիական հնչեղություն է ստանում այս պայքարը։ Հասարակությունները, որտեղ անազատությունը նորմ է, իսկ ազատությունը՝ լուսանցքային, աչքի են ընկնում իրենց քաղաքականացվածությամբ, ինչը բխում է նման հասարակություններում «օտար–յուրային» արխայիկ հասկացության արմատացած լինելուց, ինչը արգելում է իրական զարգացման բոլոր հնարավորությունները և ստիպում է անազատներին իրենց տեր որոնել։

Աղբյուր՝ Armenian Times Journal


Powered by WordPress. Хорошие темы для WP, просто Drupal, CMF WordPress русский.